Արյան մակարդելիության ու հղիության անվտանգության միջեւ կապի մասին բժիշկները սկսել են խոսել համեմատաբար վերջերս ՝ վերջին 3-4 տարիներին։ Իրոք մակարդելիության խնդիրները, օրինակ տրոմբոֆիլիան, կարող են ավելացնել վիժելու վտանգը։ Այս թեմայով իր նկատառումներ է հայտնել գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը։
Նրա խոսքով, մակարդելիության խանգարումներն իրոք կարող են ազդել պտղի վրա ու վիժման պատճառ դառնալ։ Սակայն մակարդելիության խանգարումներն ինքնին այդքան հաճախ չեն հանդիպում, որքան ոմանց է թվում։ Բժիշկ Պողոսյանի խոսքով, բժշկության մեջ կա «նորաձեւություն» հասկացություն, ու այսօր «նորաձեւ» են համարվում արյան խնդիրները. դրանց առկայությունը ստուգում են գրեթե բոլորի մոտ, ինչն էլ իր հերթին հիպերախտորոշման պատճառ է դառնում:
Մասնագետը նաեւ նշեց, որ նույնիսկ եթե կինն արյան մակարդելիության խնդիրներ ունի, դա դեռ չի նշանակում, որ նա պետք է պարտադիր վիժի։ Կարեւորը խնդիրը ժամանակին հայտնաբերելն է, այդ դեպքում ճիշտ ընտրված բուժումը կօգնի պահպանել հղիությունը ու ամեն ինչ լավ կլինի։






