Յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդը նվազեցնում է կնոջ ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը, պարզել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ երեխա ունենալը արդյունավետորեն կանխարգելում է այդ վտանգավոր կանացի հիվանդությունը։

Մասնավորապես հետազոտողները պարզել են, որ մեկ երեխա ունեցող կանանց մոտ ձվարանների քաղցկեղի զարգացման վտանգը 20 տոկոսով ավելի քիչ է նրանց այն հասակակիցների համեմատ, որոնք զավակ չունեն։ Յուրաքանչյուր հաջորդ երեխայի հետ այդ հիվանդության զարգացման վտանգը 8 տոկոսով նվազում է։

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ անզավակ կանանց մոտ ձվարանների քաղցկեղի բարձր վտանգը ինչ -որ ձեւով կապակցված է անպտղության հետ, քանի որ կան որոշ խանգարումներ, օրինակ էնդոմետրիոզը, որոնք դժվարացնում են բեղմնավորումը եւ միաժամանակ ավելացնում ձվարանների քաղցկեղի սպեցիֆիկ տարատեսակների զարգացման վտանգը:

Գիտությանն արդեն հայտնի է, որ այն կանայք, որոնք երբեք օվլուլյացիա չեն ունեցել, ձվարանների քաղցկեղով չեն հիվանդանում, իսկ դաշտանացիկլի ժամանակ արտադրվող այդ յուրաքանչյուր նոր ձվաբջիջի հետ այդ հիվանդության վտանգն աճում է ։ Երբ օվուլյացիայի ժամանակ ձվարաններն ակտիվանում են, նրանց ներքին շերտը պայթում է, որպեսզի բաց թողնի ձվաբջջին, իսկ հետո այն պետք է վերականգնվի։

Որքան շատ ձվաբջիջ է արտադրում ձվարանը , այդքան շատ բջիջ է անհրաժեշտ տրոհվելու համար ու այդքանով ավելի մեծանում է այն վնասվածքների հավանականությունը , որոնք կարող են քաղցկեղի պատճառ դառնալ։