Սեռական ինֆեկցիաները վտանգավոր են ոչ թե առանձին վերցված  կամ վերարտադրողական առողջությանը վնասելու տեսակետից, այլ որովհետեւ կարող են այլ խնդիրների պատճառ դառնալ ՝ օրինակ քլամիդիոզը կարող է կաթվածի պատճառ դառնալ։ Այս մասին մեզ պատմել է գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը։

Քլամիդիոզը սեռական հիվանդություն է, որի հարուցիչը Chlamidia trahomatis մանրէներն են։ Դրանցով վարակված հիվանդների մեծ մասը ինֆեկցիայի որեւէ ախտանիշ չի ունենում առնվազն 3-5 տարվա ընթացքում, սակայն մանրէները ներսից լռելյայն քայքայում են նրանց օրգանիզմը։

Քլամիդիոզի ու կաթվածի կապի մասին առաջին անգամ դեռ 90-ականների վերջին են խոսել. Յոհանեսբուրգի բուժարանի գիտնականները պարզել էին, որ կաթված տարած 80-ից 75 մարդու արյան մեջ կա Chlamidia trahomatis մանրէն։ Հետո գիտնականներին հաջողվել էր ապացուցել, որ քլամիդիաները իրոք քայքայում են երակների պատերը, նաեւ հանգեցնում սրտանոթային համակարգի շատ այլ անդառնալի փոփոխությունների։

Ստացված տվյալներն ապացուցում են այդ թվում ամերիկյան գիտնականները, որոնք հետազոտություն են անցկացրել Սրտանոթային վիրաբուժության ազգային ինստիտուտում։ Կաթվածից մահացածների սրտի անոթների պատերից վերցված քսուկում քլամիդիաներ են գտել, այլ ոչ թե աթերոսկլերոտիկ գնդեր, ինչպես մինչ այդ էր ընդունված համարել։

Կաթվածի ու քլամիդիաների կապի ուսումնասիրությամբ է զբաղվել նաեւ լոնդոնցի սրտաբան Լոնդոն Սանջիպը, որը հակաբիոտիկային բուժում էր տալիս այն հիվանդներին, որոնք նոր էին կաթված տարել։

Բնականաբար, միայն քլամիդիայի առկայությունը բավարար չէ կաթվածի զարգացման համար,քանի որ կաթվածը անբարենպաստ գործոնների մի ամբողջ համալիրի հետեւանք է։ Սակայն այդ մանրէների վնասակարությունը չարժե թերագնահատել։ Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս պարտադիր ստուգել սեռական ինֆեկցիաների առկայությունը, նույնիսկ եթե ակնհայտ ախտանշաններ չկան։