ՀՀ առողջապահության նախարարությունը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո նոյեմբերի 3-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Cartoon non stop բարեգործական մանկական համերգով ազդարարեցին «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի մեկնարկի մասին։ Հեքիաթային գրիչի` ինսուլինային անալոգի միջոցով դահլիճից պատահական մի հանդիսատես` 11-ամյա Արտավազդը, Սերգեյ Սմբատյանի փոխարեն ղեկավարելով նվագախումը ազդարարեց երեկոյի մեկնարկը:
Ողջ համերգի ընթացքում փոքրիկ ունկնդիրներն ու նրանց ծնողները հնարավորություն ունեցան վայելել սիրված մուլտֆիլմերի սաունդթրեքերը, էկրանի վրա ցուցադրվեցին հատվածներ այդ մուլտֆիլմերից:
Լրագրողների հետ զրույցում ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Cartoon non stop համերգային ծրագրի պատմությունը սկսվել է 2014 թվականից:
«Մենք հպարտ ենք, որ նվագախմբի ելույթով է մեկնարկում այս շատ կարեւոր ծրագիրը, որը կյանքի է կոչվում ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ: Մենք կարողանում ենք մարդկանց միավորել դրական, գեղեցիկ, կայացած եւ հաջողություն ունեցող գաղափարի շուրջ: Այն գաղափարը, որի շուրջ է համերգը տեղի ունենում, շատ կարեւոր է մեզ համար»,-ընդգծեց Սերգեյ Սմբատյանը` հույս հայտնելով, որ այն մանուկները, որոնք կլսեն իրենց ամենասիրված մուլտֆիլմերի երաժշտությունը, տուն կտանեն դրական լիցքեր:
«Ծրագրի շրջանակում նախարարությունը գնել է նորագույն ինսուլիններ. դեղորայք, որն անհրաժեշտ է երեխաների կյանքի համար: Նրանք մինչ օրս ապահովված են եղել ինսուլիններով, բայց միշտ ձգտում ենք նրանց համար լավագույնն անել: Նորագույն ինսուլինները հատուկ գրիչների միջոցով են ներարկվում, չունեն բժշկական սարքավորումների տեսք»,- ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:
Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկն է։ Ինսուլինային անբավարարության դեպքում երեխաները մշտապես օրական մի քանի անգամ ինսուլինի ներարկումների կարիք ունեն: Հայաստանում այսօր առաջին տիպի շաքարային դիաբետով 0-18 տարեկան 454 երեխա եւ 18-22 տարեկան 177 երիտասարդ:
Դիաբետն ապրելակերպ է, այդ իսկ պատճառով պետությունը ձգտում է հնարավորինս հեշտացնել հիվանդների եւ առաջին հերթին հիվանդ երեխաների կյանքը։ Հասարակության մեջ բոլոր երեխաները հավասար են, եւ մենք ձգտում ենք կյանքի հատուկ պայմաններում հայտնված երեխաների բուժման գործընթացը, նրանց կյանքի որակն էականորեն բարելավել ժամանակակից մոտեցումներ որդեգրելով:
2015թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած որոշումով առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները եւ 18-ից 22 տարեկան երիտասարդները:
Ծրագրի շրջանակում նախարարությունը ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝ քարտրիջ դեղաձեւով, որոնք անվտանգության շնորհիվ, առանց տարիքային սահմանափակումների, լայնորեն կիրառվում են աշխարհում:
Ինսուլինային անալոգները եւ գրիչ-ներարկիչները, որով կապահովվեն Հայաստանի եւ Արցախի շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաներն ու երիտասարդները, խորհրդանշում են նոր կյանքի սկիզբ:
Բարձր բուժական արդյունավետության շնորհիվ դրանք հնարավորություն են տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ եւ օրվա ռեժիմ, կանխարգելել խորը հիպոգլիկեմիաները, հետաձգել դիաբետի սուր եւ քրոնիկ բարդությունների զարգացումը: Ծրագրի բոլոր շահառուները կապահովվեն նաեւ ինսուլինային գրիչ-ներարկիչներով, որոնք էականորեն կբարելավեն դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը։ Դա թույլ կտա ձերբազատվել ավանդական ներարկիչներից եւ սրվակներից, ներարկումները կատարել առանց ծնողի օգնության, ցանկացած վայրում՝ դպրոցում կամ այլ ուսումնական հաստատություններում: Կարեւոր է նաեւ, որ գրիչ-ներարկիչների շնորհիվ կկրճատվեն ինսուլինի կորուստները։
Միջոցառումը կազմակերպվում է Դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան (նոյեմբերի 14) ընդառաջ:
Նշենք, որ այս համերգը ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին համագործակցությունը չէ: Բարեգործական նման լայնամասշտաբ նախագծերը շարունակական են լինելու եւ նպատակ ունեն ապացուցելու, որ անկախ հիվադությունից բոլոր երեխաները հասարակության լիարժեք եւ միահավասար անդամ են:






