Վերջին օրերին Հայաստանի եւ արտերկրի լրատվամիջոցներում լայն արձագանք ստացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2015թ. հոկտեմբերի 29-ի հայտարարությունը, որն անդրադառնում էր վերամշակված մսի եւ կոլոռեկտալ քաղցկեղի միջեւ կապին:
Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության զեկույցի հրապարակման շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով ԱՀԿ-ն ստացել է բազմաթիվ հարցումներ, մտահոգություններ եւ խնդրանքներ:
Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը ստեղծվել է 50 տարի առաջ Առողջապահության Համաշխարհային ասամբլեայի բանաձեւի ընդունման հիման վրա: ԱՀԿ հովանու ներքո գործող անկախ այս կառույցի աշխատանքային ծրագրերը հաստատվում եւ ֆինանսավորվում են անդամ պետությունների կողմից:
Նշենք, որ գործակալության լայն արձագանք ստացած հրապարակումը հաստատում է ԱՀԿ 2002թ. «Սննդակարգ, սնուցում եւ քրոնիկական հիվանդությունների կանխարգելում» զեկույցի առաջարկությունները, որում մարդկանց խորհուրդ է տրվում չափավոր օգտագործել վերամշակված միս` քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնելու նպատակով:
Գործակալության վերջին ակնարկը մարդկանց չի հորդորում դադարեցնել վերամշակված մսամթերքի սպառումը, այլ նշում է, որ դրանց սպառումը նվազեցնելով կարող է նվազեցնել կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը:
ԱՀԿ-ի կազմում գործող փորձագետների խումբը կանոնավոր զբաղվում է սննդակարգի եւ հիվանդությունների միջեւ կապի գնահատմամբ: 2016թ. սկզբին նախատեսվող հանդիպման ընթացքում մասնագետները հանրային առողջապահության տեսանկյունից կքննարկեն գիտության վերջին նվաճումների ազդեցությունը, ինչպես նաեւ կանդրադառնան առողջ սննդակարգին, մասնավորապես վերամշակված եւ կարմիր մսի, այլ մթերքների օգտագործմամբ պայմանավորված հարցերին:






