Այսօր կարելի է շատ երիտասարդ ծնողների տեսնել, որոնք ուշադրություն չեն դարձնում, երբ իրենց փոքրիկները գետնից իրեր են վերցնում ու դնում բերանը։   Եթե այդ ծնողներին հարցնենք, թե նրանք ինչու են այդպես վտանգում իրենց երեխաների առողջությունը, նրանք կասեն, որ նախ՝ անհնար է անընդհատ հետեւել երեխային եւ երկրորդ՝ նման պահվածքն իբր ամրապնդում է իմունիտետը։ 

Սակայն մասնագետները նման կարծիքի չեն եւ միաձայն պնդում են, որ չի կարելի երեխային թույլ տալ, որ տարբեր իրեր դնի բերանը։  Այն մասին, թե ինչու չի կարելի դա անել, NEWS.am Medicine-ին պատմել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման հայկական կենտրոնի գլխավոր տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։ 

Նրա խոսքով, տան գորգերն ու հատակը, փողոցի գետինը շատ վտանգավոր մանրէներ ու հարուցիչներ են պարունակում, եւ եթե երեխան գետնից բարձրացնի առարկան եւ բերանը դնի, այդ բոլոր միկրոօրգանիզմները կհայտնվեն նրա օրգանիզմում  եւ կարող են մի շարք հիվանդություններ առաջ բերել (սկսած դիզենտերիայից եւ գրիպից մինչեւ ավելի վտանգավորները)։

Հիշեցնենք, որ նույնիսկ չափահաս մարդը կարող է աղիքային վարակ ձեռք բերել ուղղակի չլվացված միրգ ուտելով կամ էլ ձեռքերն ինչպես հարկն է, չլվանալով։  Երեխայի օրգանիզմն անհամեմատ ավելի թույլ է, դրա համար էլ նրա դեպքում ռիսկն անհամեմատ ավելի մեծ է։  Այդ պատճառով, ինչպես նշել է մասնագետը, անհրաժեշտ է միշտ հետեւել, որ այն ամենը, ինչ երեխան դնում է բերանը, մաքուր լինի։  

Հիշեցնենք նաեւ, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանում աղիքային վարակների մեծ թիվ է արձանագրվել, ու չնայած դրանցից որոշների պատճառը աղտոտված ջուրն էր կամ էլ կեղտոտ սննդամթերքը, ավելի շատ էին այն դեպքերը, երբ մարդիկ, հատկապես երեխաները հիվանդանում էին կեղտոտ ձեռքերի պատճառով։ 

Դա իհարկե չի նշանակում, որ երեխային պետք է ստերիլ պայմաններում մեծացնել։  Շրջապատող աշխարհում քիչ չեն հիվանդությունների հարուցիչները, որոնց հետ երեխայի օրգանիզմը պիտի ծանոթանա, եւ երբ երեխան խաղում է, օրինակ, ավազի ու հողի հետ, այդ   «ծանոթությունը» արդեն տեղի է ունենում, դրա համար էլ բոլորովին պարտադիր չէ երեխային վտանգի ենթարկել եւ թույլ տալ մանրէներ եւ հարուցիչներ  «ուտել»։

Լիլիթ Ավետիսյանը նշել է նաեւ, որ որոշ մայրեր տարօրինակ սովորություն ունեն՝ ծծակը նախ իրենց բերանը դնել, հետո տալ երեխային։ Սակայն չի կարելի այդպես անել, որովհետեւ յուրաքանչյուր մարդու բերանն իր միկրոֆլորան ունի, իր մանրէները եւ չարժե դրանք փոխանցել երեխային։