Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել պլաստիկ վիրաբույժ ընտրելիս: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine թղթակցին իր տեսակետն է հայտնել պլաստիկ վիրաբույժ, Ուկրաինայի ազգային բժշկական համալսարանի պրոֆեսոր Վասիլի Խրապաչը:
Նրա խոսքով յուրաքանչյուր հիվանդ «իր վիրաբույժն» ունի ու կարեւորը նրան գտնելն է: Ընդ որում ավելի կարեւոր է լավ վիրաբույժ գտնել, այլ ոչ թե զուտ լավ կլինիկա, չէ՞ որ կլինիկան կարող է լավ վերանորոգված լինել, արտաքուստ շատ տպավորիչ, բայց եթե վիրաբույժը վատը լինի կամ անփորձ, հիվանդը դժվար թե ստանա ակնկալվող արդյունքը: Խրապաչի կարծիքով վիրաբույժ ընտրելիս պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել նրա աշխատանքային փորձին: Պարզեք՝ արդյոք նա ձեզ հետաքրքրող վիրահատությունների մեծ փորձ ունի: Քանի՞սն են հաջող եղել: Դժվար թե իմաստ ունի քթի ձեւը փոխելը վստահել մի բժշկի, որը հիմնականում կրծքի մեծացման վիրահատություն է անում: Իսկ ահա Ձեզ հետաքրքրած վիրաբույժի նախորդ վիրահատությունների արդյունքների հետ ծանոթանալը հաստատ իմաստ ունի:
Ուշագրավ է, որ ինչպես մասնագետն է նշում, յուրաքանչյուր երկիրն իր առանձնահատկությունն ունի. Հայաստանում, օրինակ, շատերն են քթի վիրահատությւոն անում ու այս հարցում մեծ փորձ ունեն: Իսկ Ուկրաինայում ավելի հաճախ կրծքի մեծացման վիրահատություններ ու լիպոսաքցիա են անում: Այնպես որ վիրաբույժ ընտրելիս պետք է հաշվի առնել նաեւ այս յուրահատկությունը:
Վիրահատարանում մեծ դեր է կատարում ոչ միայն վիրաբույժը, այլեւ ամբողջ թիմը, սակայն ինչպես նշեց մասնագետը, պետք չէ մոռանալ, որ վիրահատությունն այնուամենայնիվ վիրաբույժն է վերահսկում, ու հենց նրա աշխատանքով է պայմանավորված արդյունքը:






