Փոփոխական տրամադրություններով մարդիկ երազում են ավելի հավասարակշռված լինելու մասին, սակայն զգացմունքների անկայունությունն իրականում օգնում է, որ նրանք ավելի լավ ադապտացվեն փոփոխական աշխարհին: Այս մասին պատմում են University College London–ի մասնագետները:
Նրանց խոսքով, փոփոխական տրամադրությունն ամենեւին էլ թերություն չէ եւ ոչ էլ թուլություն: Հակառակը՝ դա փոփոխական աշխարհի բազում սթրեսներից պաշտպանվելու բնական մեթոդ է: Եթե մարդը լավ տրամադրություն ունի՝ նա պատրաստ է ռիսկի գնալ ու պատասխանատու քայլեր անել: Իսկ երբ նա ճնշված է՝ նա խնայում է իր ուժերը, ու չի վատնում դրանք:
Ինչպես գիտնականներն են բացատրում, բորսային շուկայում աշխատող գործակալը հաջող գործարքից հետո լավատեսական տրամադրություն կունենա ու պատրաստ կլինի ձեռնարկել հաջորդ գործարքը: Այդ պահին նրա ինքնավստահությունը ռիսկի գնալու հնարավորություն է տալիս նրան, եւ այդ ռիսկն ամենայն հավանականությամբ արդարացված կլինի: Նույնն էլ կենդանիների աշխարհում է՝ եթե նրանք ենթադրենք պտղատու ծառ են գտնում, նրանք սկսում են ուրիշ նման ծառեր էլ փնտրել:
Ինչպես բացատրեց Էրան Էլդարը ՝ վերոնշյալ կազմակերպությունից, եթե կա ձգտում, եթե առջեւում տեսանելի է «պարգեւատրումը», լավ տրամադրվածությունը մարդուն կամ կենդանուն ստիպում են ձգտել այդ նպատակի իրականացմանը (լինի դա գործարք, թե նոր պտղատու ծառերի որոնում): Իսկ եթե պարգեւատրումը հորիզոնում տեսանելի չէ, եթե դժվար ժամանակներ են սկսվել ( օրինակ ձմեռ է, ու ծառերի վրա այլեւս միրգ չկա) մարդը կամ կենդանին այլեւս չեն ձգտում առաջ ու սկսում են խնայել իրենց ուժերը:






