Տուբերկուլոզը գերազանցել է ՄԻԱՎ-ին՝ դառնալով 2014 թ. ինֆեկցիոն հիվանդություններից մահացության առաջին պատճառը: Այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները:
Ընդ որում տուբերկուլյոզով հիվանդացությունը չի աճել, պարզապես ժամանակակից տեխնոլոգիաների եւ գործադրված ջանքերի շնորհիվ աճել է այդ հիվանդության հայտնաբերումը: Միայն Ինդոնեզիայում հայտնաբերվել է տուբերկուլոզի 1 մլն նոր դեպք՝ կրկնակի շատ, քան անցած տարի, երբ շատ հիվանդներ ժամանակակից ախտորոշում չէին ստանում:
Ավելին, երեխաների շրջանում տուբերկուլոզի դեպքերն ավելի շատ են, քան առաջ էին ենթադրում: Ըստ նոր տվյալների՝ 2014 թ. մեկ միլիոն երեխա է վարակվել այս հիվանդությունով ու 140 000-ը մահացել դրա հետեւանքով: ԱՀԿ հաշվարկներով՝ աշխարհում տուբերկուլոզով հիվանդների թիվն իրականում ավելի շատ է, ու նրանց մոտավորապես 40 տոկոսն առայժմ չգիտի իր ախտորոշման մասին:
Այդուհանդերձ, առողջապահության ոլորտի խոշորագույն կազմակերպությունների ջանքերի շնորհիվ տուբերկուլոզով հիվանդացությունը 1990 թ. սկսած կրկնակի կրճատվել է, իսկ 2000-2014 թթ. ժամանակահատվածում բարելավված ախտորոշումն ու ժամանակին սկսված բուժումը 43 մլն կյանք են փրկել:
«Հիմա մենք գոնե պատկերացնել տուբերկուլոզի վերջը: Առաջ մենք երբեւէ չէինք կարծում, թե կկարողանանք հասնել այս կետին», - ասել է USAID-ում համաշխարհային առողջապահության հարցերով ադմինիստրատորի օգնական Արիել Պաբլոս-Մենդեսը:
Այդուհանդերձ, չնայած բոլոր ջանքերին՝ 2014 թ. տուբերկուլոզը 1.5 մլն մարդու կյանք է խլել: Մասնագետների խոսքով սա ավելի շատ է, քան ՄԻԱՎ-ի խլած կյանքերը (1.2 մլն, որոնցից 400 000–ը եւ ՄԻԱՎ-ով էր հիվանդ, եւ տուբերկուլոզով):






