Դեպրեսիվ մտքերը կարող են ազդել մեր հիշողության վրա ու քչացնել այն տեղեկությունների քանակը, որը մենք ի վիճակի ենք հիշել: Այդ մասին հայտնում են Թեքսասի համալսարանի ամերիկացի գիտնականները:

Դեպերսիվ մտքեր կարող են հայտնվել ոչ միայն դեպրեսիայով տառապողների, այլեւ միանգամայն առողջ մարդկանց մոտ: Սակայն մինչեւ վերջերս հայտնի չէր, թե ինչպես են այդ մտքերն ազդում մեր առողջության վրա: Իսկ հիմա վերոնշյալ համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ դեպրեսիվ մտքերը խոչընդոտում են ստացված տեղեկությունները մտապահելու ունակությանը:

Հետազոտությանը մասնակցել է 75 ուսանող ՝ նրանցից 30-ը  դեպրեսիայի նշաններ ունեին, իսկ 45-ը առողջ էին: Բոլոր մասնակիցներին առաջարկել են համաձայնել կամ չհամաձայնել դեպրեսիվ տրամադրությունը բնութագրող որոշակի դատողությունների հետ,  որից հետո խնդրել են հերթականությամբ մտապահել որոշակի թվեր: Պարզվել է, որ ընկճված տրամադրություն ունեցող մարդիկ ավելի քիչ թվեր են հիշում, քան դեպրեսիա չունեցողները:

Սա բացատրում է, թե ինչու են դեպրեսիվ մարդիկ ուշադրության եւ կենտրոնացման խնդիրներ ունենում ու հաճախ են մոռանում ամենահասարակ բաները:

Հետազոտության հեղինակների խոսքով, ստացված արդյունքները կարեւոր են հասկանալու համար, թե դեպրեսիայից ինչպես է վնասվում հիշողությունը, նաեւ թե ինչպես է զարգանում դեպրեսիան ու ինչպես է այն պահպանվում մարդու կյանքի ընթացքում:

Այս հետազոտության մասին հայտնում է Journal of Affective Disorders ամսագիրը: