ԵՏՄ անդամ երկրները ավտոմատ կերպով փոխադարձաբար չեն ճանաչի դեղամիջոցների գրանցումը, համարում է «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ քայլին չի գնա, որպեսզի ապահովագրի իր շուկան ՝ գործընկեր երկրների շուկաներից «չստուգված» դեղերի ներմուծումից:
NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Ռուսաստանին ձեռնտու կլիներ հակառակ տարբերակը, այսինքն որ Միության մնացած մասնակիցները ճանաչեն Ռուսաստանում գրանցված դեղերը, բայց այդ դեպքում հավասարության խախտման հարց կառաջանա: Վահե Վարսանյանի խոսքով, Ռուսաստանը կարող է պարտադիր կլինիկական փորձարկումներ պահանջել ու այդ դեպքում շահեկան դիրքում կհայտնվի, քանի որ օրինակ Հայաստանը նման փորձարկումներ անելու հնարավորություն չունի: Ամեն դեպքում, հայկական դեղագործական ընկերության ղեկավարի կարծիքով, ԵՏՄ –ում դեղերի շրջանառության ոլորտի օրենսդրության համաձայնեցման գործընթացը երկարատեւ կլինի, եւ Հայաստանը պետք է ձգտի առավելագույնս պաշտպանել իր ինքնավարությունը նաեւ այս հարցում:
Նրա խոսքով այսօրվա դրությամբ ԵՏՄ –ին անդամակցելու միակ առավելությունը դեղագործական ոլորտի համար ԵՏՄ-ի տարածքից առանց մաքսային ձեւակերպումների դեղեր ներկրելու հնարավորությունն է, իսկ թերությունները բավականին շատ են, մասնավորապես հսկայական թղթաբանությունը:






