Հայաստանում դեղերի գների զգալի նվազում կարող է տեղի ունենալ միայն լիարժեք զուգահեռ ներմուծման դեպքում։ Իսկ բոլոր այն հայտարարությունները, թե Առողջապահության նախարարության կոչով այս կամ այն հայտնի դեղագործական ընկերությունն իջեցրել է Հայաստանի համար մատակարարման գները, ընդամենը շոու են։ Գների իջեցում տեղի է ունենում միայն շուկայի օրենքներով, մրցակցության առկայության պայմաններում, ոչ թե կոչերով, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է  «Վագա ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը։

Նրա խոսքով, հարցի նախապատմությունն այսպիսին է. 2015-ի հունվարին հայ դեղագործները Առողջապահության նախարարությանը  ներկայացրել են 200 կենսական նշանակության դեղի անվանում, որոնք Ռուսաստանում կամ ԵՄ-ի երկրներում, նույնիսկ դեղատներում, մանրածախ առեւտրի պայմաններում սրկու անգամ ավելի էժան արժեն, քան մեզ առաջարկվող մեծածախ գները։ Նրանք Առողջապահության նախարարությանն առաջարկել են չխախտել օրենքը եւ ներմուծող ընկերություններին թույլ տալ այդ դեղերը ներմուծել ոչ թե ուղղակիորեն՝ արտադրողից, այլ ՝ ուրիշ դիստրիբյուտորներից, որոնց մոտ  դրանք ավելի էժան արժեն, ինչը արտադրողներին կստիպի իջեցնել Հայաստանի համար գները։

Մասնավորապես, Glaxo SmithKline ընկերության հետ հետեւյալ պատմությունն է եղել. զուգահեռ ներմուծման միջոցով, էժան գնով, Վրաստան է ներմուծվել այս ընկերության մի քանի դեղամիջոց։ «Մենք չէինք կարող բերել դրանք, որովհետեւ Հայաստանում այլ փաթեթավորում է գրանցված։ Դրանից հետո Glaxo-ն Վրաստանի համար իջեցրեց գները, եւ արդեն էժանացան այն փաթեթավորումով դեղամիջոցները, որոնք գրանցված են Հայաստանում։ Դրանից օգտվելով, մենք Վրաստանից դեղերի խմբաքանակ ներմուծեցինք եւ սկսեցինք այստեղ էժան գնով վաճառել։ Glaxo SmithKline ընկերությունը ստիպված եղավ Հայաստանի համար իջեցնել գները»,-ասել է նա՝ հավելելով, որ հարցը լուծվել է բոլորովին էլ ոչ Առողջապահության նախարարության կոչերի, այլ սովորական մրցակցության շնորհիվ։

Դեղագործական ընկերության տնօրենի կարծիքով, Առողջապահության նախարարությունն ի սկզբանե չպետք է խոչընդոտի զուգահեռ ներմուծմանը, եւ այդ դեպքում հարցն ինքնին կլուծվի, այնինչ նախարարը հրավիրում է արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին եւ նրանց կոչ է անում իջեցնել գները՝ խոստանալով, որ հակառակ դեպքում թույլ կտա զուգահեռ ներմուծում իրականացնել։ 

Վահե Վարսանյանի խոսքով, այն բանից հետո, երբ հարցը սկսել է քննարկվել, մի քանի արտադրող Հայաստանի համար որոշ զեղչեր են արել, այնուամենայնիվ, Ռուսաստանում գները շարունակում են ավելի ցածր մնալ։