Հայաստանի Առողջապահության նախարարության դեղերի փորձաքննության կենտրոնը խոշոր շահույթ հետապնդող եւ տսացող ստացող ընկերություն է, համարում է «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ յուրաքանչյուր դեղորայքի գրանցումը Հայաստանում 2000 դոլար արժե, մինչդեռ ըստ ընկերության մի քանի տարի առաջ անցկացրած հաշվարկների ՝ յուրաքանչյուր դեղի գրանցման համար 20-30 հազար դրամ է ծախսվում։ Բացի դրանից, եթե դեղորայքը ներմուծվում է, փորձաքննության համար նմուշներ են վերցվում, ինչի դիմաց նույնպես վճարել է պետք։
Դրան գումարած, բոլոր դեղամիջոցները վերագրանցվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ եւ ամեն անգամ պետք է վճարել նույն 2000 դոլարը:
Վահե Վարսանյանը համարում է, որ Դեղերի փորձագիտական կենտրոնի ամբողջ գործունեությունը պետք է պարզեցվի։ Նախ բոլոր այն դեղամիջոցները, որոնք GMP սերտիֆիկատ ունեցող ընկերություններն են արտադրում, պետք է ազատորեն ներկրվեն առանց ավելորդ թղթաբանության։ Երկրորդ, հայտնի ընկերությունների բոլոր հիմնական դեղամիջոցները վաղուց արդեն գրանցված են Հայաստանում ու դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը տարիների ընթացքում ստուգվել է շուկայում։ Դրա համար էլ Վահե Վարսանյանն առաջարկում է դրանք անժամկետ գրանցել, առավել եւս որ Կառավարությունը իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչել ցանկացած դեղի գրանցում, եթե այդ դեղի մասին որեւէ բացասական տեղեկություն հայտնվի։
Վահե Վարսանյանի կարծիքով, Դեղերի փորձագիտական կենտրոնը պետք է հետեւի միջազգային շուկաներում տիրող իրավիճակին, ու եթե զարգացած երկրներում հաղորդագրություններ լինեն դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների մասին, արագ արձագանքի։ Մնացած դեպքերում, փորձագիտական կենտրոնի վարած ամբողջ թղթաբանությունը, Վ. Վարսանյանի կարծիքով, անիմաստ է, ու դրանով ընդամենը կենտրոնի գոյությունն է արդարացվում։






