Սրտի անհապաղ վիրահատության «Stent for life» ծրագրի շրջանակում Հայաստանում 10 ամիսների ընթացքում ստենտավորման 1221 վիրահատություն են արել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Հայաստանի առողջապահության նախարարությունից:

Ինչպես նշել է ՀՀ Առողջապահության նախարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, ծրագիրը հաջող գործում է ու ինքը որպես ծրագրի բժշկական համակարգող, շատ գոհ է առաջընթացից: 

«Ես՝ որպես ծրագրի բժշկական համակարգող, շատ գոհ եմ դրանից: Ամեն ինչ գնում է ըստ ծրագրվածի, բոլոր հիվանդները, որոնք համապատասխանում են չափանիշներին, ընդգրկվում են ծրագրում, ոչ մի ֆինանսական կամ այլ տեսակի խնդիր չկա»,- նշել է նա լրագրողների հետ զրույցում: - «Վերջերս մենք ամփոփել ենք կիսամյակի արդյունքները ու շուտով ՝ տարեվերջին, կկարողանանք ամփոփել նաեւ ամբողջ տարվա արդյունքները»:

Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարից սկսած ՝ Հայաստանում գործում է «Stent for life» ծրագիրը: Դրանից օգտվում են այն մարդիկ, որոնք ներառված չեն սոցիալական խմբերում, անվճար բուժսպասարկման, այդ թվում ստենտավորման իրավունք ունեն: Ծրագիրը նախաձեռնվել է ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում սրտանոթային հիվանդություններից մահերը 48 տոկոս են կազմում ընդհանուր մահացության ցուցանիշներում եւ որ կաթվածի ժամանակ ստենտավորումը կյանքի փրկության ամենաարդյունավետ մեթոդն է:

Մասնագետների կարծիքով, ծրագրի արդյունքները ակնհայտ են: Մասնավորապես սկսել է կրճատվել սրտանոթային հիվանդություններից մահացությունը. 2015 թ հունվար – հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվել է սրտանոթային հիավնդություններից մահերի 6928 դեպք, մինչդեռ 2014 թ. այդ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 7379, այսինքն 421 դեպքով շատ: