Այս տարի Հայաստանում կարմրուկի  33 դեպք է գրանցվել։ Դա երեք անգամ գերազանցում է անցյալ եւ նախանցյալ տարվա ցուցանիշը (10-ական դեպք)։ Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով, Հայաստանում կարմրուկի դեպքերի մեծամասնությունը գրանցվում է մայիս-օգոստոս ամիսներին, այսինքն՝ զբոսաշրջային սեզոնի ամենաեռուն պահին։  Ավելին, այդ հիվանդության բոլոր դեպքերը  «ներմուծված» են. մարդիկ վարակվում են այլ երկրներ ուղեւորությունների ընթացքում, հետո վերադառնալով կարող են վարակել շրջապատին, եթե վերջիններիս արյան մեջ դրա նկատմամբ դիմադրողականություն չլինի։ 

Այս տարի առաջինը մի երեխա է հիվանդացել այլ երկիր ուղեւորության ընթացքում, մանկապարտեզ վերադառնալով, նա վարակել է 3 երեխայի եւ դաստիարակչուհուն։  Հատկանշական է, որ չորսն էլ կարմրուկի դեմ պատվաստում էին ստացել։ Հիվանդությունը հենց նրանց միջոցով էլ տարածվել է, ընդ որում, վարակվել են բացառապես չպատվաստված մարդիկ՝ երեխաներ, որոնց ծնողները հրաժարվել էին պատվաստումից եւ մեծահասակներ, որոնք այս կամ այն պատճառով չէին մասնակցել 2007-ին Հայաստանում կարմրուկի դեմ կազմակերպված պատվաստմանը։  

«Հսկայական ամբոխում կարմրուկի հարուցիչը գտնում է հենց այն մարդկանց, ովքեր պատվաստված չեն», - պարզաբանել է մասնագետը։

Հիվանդությանը թույլ չեն տվել տարածվել. այն տեղայնացրել են եւ հիմա ամեն ինչ լավ է, նոր դեպքեր այլեւս չեն գրանցվում, իսկ հիվանդացածներն իրենց լավ են զգում։