Այս տարի Հայաստանում մինչեւ հինգ տարեկան երեխաների պատվաստանյութերի օրացույցը ներառում է նաեւ պնեվմոկոկային պատվաստանյութը: Բժիշկներն ու բնակչությունը նոր պատվաստանյութն ընկալել են միանշանակ եւ ադեկվատ: Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով, չի եղել մի դեպք, երբ ծնողները հրաժարվեն հենց պնեմվմոկոկային պատվաստանյութից, բայց եղել է մի քանի դեպք, երբ նրանք առհասարակ հրաժարվել են ցանկացած պատվաստումից:
Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, դեռ պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե նոր պատվաստանյութի ներդրումը որքանով է կրճատել պնեվմոկոկերի հետ կապակցված ինֆեկցիաներով հիվանդացությունը, այդ տվյալներն ավելի ուշ կստացվեն: Սակայն ինչպես հայտնում են բժիշկները, պնեվմոկոկային վարակների պատճառով բարդացումների դեպքերը՝ մասնավորապես միջին ականջի բորբոքումն ու թոքաբորբը, այս տարի զգալիորեն քչացել են:
Հիմնականում պնեվմոկոկային ինֆեկցիաների նկատմամբ խոցելի են մինչեւ 5 տարեկան երեխաները, սակայն մեծահասակաները նույնպես կարող են հիվանդանալ: Այս տարի, ցավոք, գրանցվել է ինֆեկցիայի բարդության հետեւանքով մահվան մեկ դեպք. 15 տարեկան աղջկա մոտ ծանր մենինգիտ էր սկսվել:
Ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել պնեվմոկոկային ինֆեկցիաները:
Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, բարդությունները կարող են լինել եւ ծանր (մենինգիտներ, թոքաբորբ, սեպսիս եւ այլն) եւ թեթեւ (միջին ականջի բորբոքում): Իսկ պատվաստման նպատակն է կանխել բոլոր բարդացումներն ու խնդիրները, որոնք կարող են առաջանալ ինֆեկցիայի հետեւանքով:






