Տարիքի հետ ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու օրգանիզմը սկսում է գնալով ավելի ու ավելի քիչ սեռական հորմոններ արտադրել, ինչի հետ կապված մեծանում է տարիքային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Մարդկանց այդ հիվանդություններից պաշտպանելու եւ նրանց կյանքի որակը բարձրացնելու համար ժամանակակից բժշկությունը հորմոնափոխարինիչ թերապիա է առաջարկում։ Սակայն շատերը վախենում են հորմոններ ընդունել դրանց հնարավոր երկրորդական հետեւանքների պատճառով։
Ի՞նչն է ավելի վտանգավոր. հորմոնափոխարինիչ թերա՞պիան, թե՞ այն հիվանդությունները, որոնք ի հայտ են գալիս հորմոնների պակասի հետեւանքով։ Այդ հարցի վերաբերյալ NEWS.am Medicine-ին պարզաբանումներ է տվել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Որակավորման բարձրացման ֆակուլտետի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, Բգդ, պրոֆեսոր, «Պրոֆեսոր Կալինչենկոյի հիվանդանոցի» ղեկավար Սվետլանա Կալինչենկոն (Մոսկվա, Ռուսաստան)։
«Այս հարցի վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող. հորմոնալ թերապիան միանշանակ պիտի կիրառվի», - ասել է մասնագետը։
Նրա խոսքով, հորմոնափոխարինիչ թերապիան հնարավորություն է տալիս բարձրացնել մարդու կյանքի որակը, ինչը կարեւոր է ոչ միայն այդ մարդու, այլեւ նրա ընտանիքի եւ ամբողջ հասարակության համար։ Տարիքի հետ կապված հիվանդությունները (ինչպես, օրինակ, շաքարախտը, հիպերտոնիան, օստեոպորոզը եւ այլն) ոչ միայն հիվանդի խնդիրն են, այլեւ մեծ բեռ են նրա ընտանիքի, առողջապահության համակարգի եւ հասարակության համար։ Ավելին, նույնիսկ հորմոնների նվազման եւ վերոհիշյալ հիվանդությունների հետ կապված դեպրեսիաները բացասաբար են ազդում ընտանիքի կյանքի վրա։
«Ի՞նչ են տարիքի հետ կապված հիվանդությունները։ Ի՞նչ է ծերացումը։ Ոչ այլ ինչ է, քան հորմոնների մակարդակի նվազում։ Երբ մարդը երիտասարդ է, նա գեղեցիկ է, երջանիկ եւ առողջ իր հորմոնների շնորհիվ։ Երբ տարիքի հետ հորմոնների մակարդակը սկսում է նվազել, դրանք անհրաժեշտ է լրացնել. դա որակյալ եւ երկար կյանքի գրավականն է», - նշել է մասնագետը։
Շատերը իհարկե վախենում են հորմոնափախարինիչ թերապիայից եւ դրա հնարավոր հետեւանքներից։ Որքանո՞վ են հիմնավորված այս վախերը։ Այդ հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Բժշկի կարծիքով, պետք չէ վախենալ հորմոնափոխարինիչ թերապիայից, իսկ մարդկանց մոտ խնդիրներ սովորաբար ի հայտ են գալիս ոչ թե թերապիայի պատճառով, այլ՝ հորմոնների տարիքային պակասի։ Ավելին՝ ժամանակակից հորմոնալ դեղամիջոցները, մասնագետի խոսքով, շատ մեղմորեն են փոխարինում հորմոններին եւ լիովին անվտանգ են։
Հորմոնալ թերապիայի վախից Ռուսաստանում նման թերապիայի կարիք ունեցող կանանց միայն 1 տոկոսն է օգտվում դրանից։ Հայաստանում եւս այդ թերապիան ժողովրդականություն չի վայելում։ Հնարավոր է, որ դա է պատճառներից մեկը, որի համար այստեղ գրեթե չկան «գեղեցիկ միջին տարիքի» կանայք։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք կամ խնամված եւ գեղեցիկ երիտասարդ կանանց, կամ էլ ճաղատացող եւ գիրացած տատիկների, նկատել է բժիշկ Կալինչենկոն:






