21-րդ դարում մենք ոչ միայն մարդկության հազարամյա երազանքներն ենք կյանքի կոչել , այլ նույնիսկ շատ ավելի հեռուն ենք գնացել, քան մարդկությունը կարող էր երեւակայել: Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, ով Երեւանում անցկացված «Առողջությունով պայմանավորված կյանքի որակ . միջմասնագիտական մոտեցում» գիտաժողովի ժամանակ ելույթ է ունեցել «Կենսատեխնոլոգիաներն ու ռեպրոդուկտոլոգիան: Անսահմանի սահմանները» զեկույցով:
Նրա խոսքով, այն ամենը, ինչի մասին ռեպրոդուկտոլոգիայի առումով երազում էին մեր նախնիները, ինչի մասին խոսում էին Աստվածաշնչում, շումերական էպոսում ու ժողովրդական հեքիաթների մեջ, գրեթե կյանքի են կոչվել: Այսօր ռեպրոդուկտոլոգները բեղմնավորումը կարող են անել առանց տղամարդկանց եւ նույնիսկ առանց կանանց մասնակցության, իսկ կլոնավորումը հնարավոր է դարձնում գենետիկական քո նմանակին վերստեղծելը: Գենային ինժեներիան արդեն անցած փուլ է, հիմա վերելք է ապրում սինթեթիկ գենաին ինժեներիան, որը թույլ է տալիս սինթեթիկ ճանապարհով վերստեղծել մարդկային գենոմը:
«Այսօր կարելի է երիտասարդացնել 50-60 ամյա կնոջ ձվաբջիջը: Դրանից կարելի է հանել հնացած ցիտոպլազման ու այն փոխարինել երիտասարդ կնոջ ցիտոպլազմայով: Եվ այդ տարեց կինը կկարողանա երեխա ունենալ: Դա արդեն պրակտիկա է, այլ ոչ թե երեւակայություն: Դա արդեն կիրառվում է կենդանիների վրա, բայց մարդկանց վրա նման փորձերը սահմանափակ են՝ էթիկայի կանոնների պատճառով: Այսօր մեզ հիմնականում բարոյական դաշտի հասկացություններն են սահմանափակում, այլ ոչ թե տեխնոլգիական հնարավորությունները»,- ասել է նա:
Նրա խոսքերով գիտության մեջ արդեն նոր ուղղություն կա՝բիոէթիկան, ու բիոէթիկայի հարցերին է նվիրված նրա զեկույցի երկրորդ մասը, որն այն մասին է, թե որտեղ է անսահմանի սահմանը:
«Բիոէթիկան ցույց է տալիս, թե մենք ուր կարող ենք գնալ, եթե հանկարծ շարժվենք ոչ այն արագությամբ ու արդյոք պետք է կանգ առնել տվյալ փուլում, թե ՞ պետք է առաջ գնալ »,- պարզաբանել է Էդուարդ Համբարձումյանը:
Նա հիշեցրել է, որ կաթոլիկ եկեղեցին առայսօր արգելում է արտամարմնային բեղմնավորումը, մեր եկեղեցին չի ընդունում նաեւ փոխնակ մայրությունը, եւ սա այն դեպքում, որ փոխնակ մայրության առաջին օրինակը Աստվածաշնչում է նկարագրված. Սարան չէր կարողանում հղիանալ, ու Աբրահամի առաջին երեխան ծնվել է սպասուհուց: Նրա խոսքով, եկեղեցին միշտ էլ մի քանի դար հետ է մնում, իսկ գիտությունը միշտ իր ժամանակից առաջ է:
Խոսելով այն մասին, որ գիտության նման առաջընթացը լուրջ վտանգներ է պարունակում, Էդուարդ Համբարձումյանը բերեց կացնի օրինակը. Կացնով կարելի է եւ տուն կառուցել, եւ մարդուն սպանել: Եվ հենց այս հարցում է առաջանում գիտական էթիկայի հարցը: «Արտամարմնային բեղմնավորման հեղինակ Ռոբերթ Էդվարսն առաջինն է խոսել իր բացահայտման բարոյական կողմերի ու սահմանափակումների անհրաժեշտության մասին: Մնացած ամբողջ աղմուկը՝ նոր Ֆրանկենշթեյնի հայտնվելու մասին, լրատվամիջոցներն էին բարձրացրել »,- ասել է նա՝ հավելելով, որ առաջընթացը միշտ մեկ ուղղությամբ է լինում ու հույս հայտնելով, որ մարդու գիտակցությունը միշտ կվերահսկի հնարավոր կողմնակի շեղումները:






