«Քաղցկեղ» ախտորոշումը, անկախ հիվանդության փուլից, չպետք է սեփական կյանքի վրա խաչ քաշելու պատճառ դառնա, կարծում է ներքին հիվանդությունների «Bruderholz»  համալսարանական հիվանդանոցի (Բազել, Շվեյցարիա) առաջատար հեմատոլոգ Կոնստանտինոս Լուկիդիսը։ Շատ կարեւոր է, որ քաղցկեղով հիվանդը շարունակի նորմալ կյանքով ապրել   եւ որ նրա կյանքի որակը հնարավորինս բարձր լինի։  

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Լուկիդիսը մի քանի խորհուրդ է ներկայացրել, որոնք կարող են օգտակար լինել քաղցկեղով հիվանդին։  

1. Թերապիան

Ժամանակակից բժշկությունը բազմաթիվ դեղամիջոցներ ունի, որոնք կարող են մեղմել հիվանդության ախտանիշները՝ վերացնել ցավը, նվազեցնել սրտխառնոցը եւ այլն։  Շատ կարեւոր է, որ քաղցկեղով  հիվանդի համար նման թերապիան մատչելի լինի  (պալիատիվ բժշկությունը պիտի լավ զարգացած լինի երկրում) եւ որ նա չհրաժարվի դրանից։

2. Հոգեբան

Անհրաժեշտության դեպքում կարելի է հոգեբանի դիմել։  Գրագետ հոգեբանը կարող է օգնել հաղթահարել անհանգստություններն ու վախերը եւ ավելի լիարժեք կյանքով ապրել։ 

3. Հոբբին

Հոբբիով զբաղվելը եւս շատ կարեւոր է, ընդ որում կարելի է շարունակել զբաղվել ինչպես նախկին հոբբիներով, այնպես էլ նորերը փնտրել։ Ինչ-որ բանով տարվածությունը կարող է բարելավել ինչպես ինքնազգացողությունը, այնպես էլ հիվանդի կյանքի որակը։  Լավ միտք է նաեւ մեդիատացիա անելը. դա կօգնի հանգստացնել միտքը։ 

4. Կյանքը

Մասնագետը քաղցկեղով հիվանդներին նաեւ խորհուրդ է տալիս ձգտել նորմալ կյանքով ապրել, ինչպես որ ապրել են մինչեւ ախտորոշումը. աշխատել, ընտանիքում նույն դերը խաղալ, ինչ նախկինում։