Կանադացի բժիշկները պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել են հեմատո-էնցեֆալիկ պատվարը եւ քիմիաթերապեւտիկ դեղամիջոցները հասցրել են անմիջապես ուղեղի հյուսվածքներին։ 

Հեմատո-էնցեֆալիկ պատվարը (ՀԷՊ) բջջային ֆիլտր է արյունատար եւ կենտրոնական նյարդային համակարգերի միջեւ, որոնք ուղեղը պաշտպանում են այդ օրգանի իմունային համակարգի համար վտանգավոր մանրէների, տոքսինների եւ այլ վտանգավոր գործոնների ներթափանցումից։ ՀԷՊ-ի միջով ուղեղ են ներթափանցում միայն սնուցող նյութեր, իսկ հետադարձ ուղղությամբ ուղեղից դուրս են հանվում նյարդային հյուսվածքի կենսագործունեության արդյունքները։  

Ինչպես տեղեկացնում է The Motherboard պարբերականը, Սաննիբրուք համալսարանի հիվանդանոցի բժիշկները վիրահատություն են կատարել, որի ընթացքում քիմիաթերապեւտիկ դեղամիջոցները գերձայնային ալիքների միջոցով հաղթահարել են ՀԷՊ-ը։ Նրանք դեղը մտցրել են ներերակային եղանակով, օդի փոքրիկ պղպջակների հետ միասին, իսկ հետո պղպջակներին ստիպել են լայնանալ եւ փքվել ուղեղի ստորին հատվածներում։ Այդպես բժիշկները ՀԷՊ-ի բջիջների ցանցում փոքրիկ  «անցքեր» են ստեղծել, որպեսզի դեղը հասներ ուղեղին։ Իրենք՝ պղպջակները մնում են արյունատար համակարգում եւ անհետանում են մի քանի րոպե անց՝ հասնելով մինչեւ թոքերը։ Իսկ ՀԷՊ-ում անցքերը փակվում են 8-12 ժամ անց։

Եթե հետագա փորձարկումները հաստատեն այդ բուժման արդյունավետությունը, արմատականորեն կընդլայնվեն բժիշկների՝ ուղեղի հիվանդությունները բուժելու հնարավորությունները։  Առայժմ ՀԷՊ-ի պատճառով բժիշկները ստիպված են լինում հիվանդներին դեղամիջոցների հսկայական չափաբաժիններ նշանակել՝ հույս ունենալով, որ դրանց ինչ-որ մասը կհասնի ուղեղին (եւ համաձայնելով կողմնակի հետեւանքներին)։