Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի շրջանակում  Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում հանրության դատին է ներկայացվել «Տղամարդու առողջություն» («Мужское здоровье») գրքի ռուսալեզու տարբերակը:

Գրքի առաջին օրինակները նախաձեռնության հեղինակ  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, համահեղինակ ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՄՊՀ-ի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, «Տղամարդու առողջություն» ռուսաստանյան ընկերության նախագահ, պրոֆեսոր Արամայիս Քամալովին, համալսարանի ռեկտորին:

«Տղամարդու առողջություն» ռուսալեզու ձեռնարկը պատրաստվել է առողջապահության տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետների կողմից: Աշխատության մեջ հեղինակները հիմնվում են ոչ միայն իրենց մասնագիտական գործունեության, այլև միջազգային հարուստ փորձի և գիտագործնական նորագույն մեթոդների վրա:

Տղամարդու առողջության ընդհանուր հիմնահարցերին անդրադարձող ձեռնարկը  նախատեսված է  ոչ միայն ուրոլոգների, այլև  այլ նեղ մասնագիտացում ունեցող  այլ մասնագետների համար:

Նշենք, որ «Տղամարդու առողջություն» ժողովածուի հայալեզու տարբերակի շնորհանդեսը տեղի էր ունեցել 2012թ. հուլիսին Երևանում:  «Հայ-Ռուս-Ամերիկյան միասնության» պատվերով մի խումբ հայ մասնագետների ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի արդյունքում  և ընդհանուր խմբագրությամբ ստեղծվեց  ժողովածուն, որի մեջ ներառված են նաև նույն տարվա ապրիլին Երևանում կայացած  համանուն միջազգային գիտաժողովի նյութերը: