36-ամյա տղամարդը, որը վիրավորվել էր Արտաշատում փոխհրաձգության ժամանակ, իրեն արդեն լավ է զգում ու շուտով դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է «Մալաթիա» հիվանդանոցի փոխտնօրեն, պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանը, որն արել էր վիրահատություն՝ փրկելով տղամարդու ոտքը անդամահատումից:
Նրա խոսքով, ոչ մի բարդություն ու խնդիր չի եղել, վարակիչ բարդացումներից նույնպես հաջողվել է խուսափել: Վնասվածքի կապակցությամբ երկրորդ վիրահատության անհրաժեշտություն, ամենայն հավանականությամբ, չի լինի: Բժիշկները ծրագրում են հենց այսօր դուրս գրել վիրահատված հիվանդին եւ նրա եղբորը, որը նույնպես վիրավորվել էր այդ նույն փոխհրաձգության ժամանակ:
Հիշեցնենք, որ տղամարդը, որը վիրավորվել էր Արտաշատում փոխհրաձգության ժամանակ, հիվանդանոց է ընդունվել հոկտեմբերի 28-ին: Նրա ոտքը լրջորեն վնասվել էր՝ փամփուշտը վնասել էր ոչ միայն փափուկ հյուսվածքները, այլեւ ոտքերի մայր զարկերակները: Եթե վերջույթի արյան մատակարարումը անհապաղ չվերականգնվեր՝ նրա ոտքը ստիպած էին լինելու անդամահատել:
Տղամարդու ոտքը փրկելու համար վիրաբույժը 6 ժամ տեւած վիրահատության ժամանակ (այս հղումով կարող եք տեսնել վերքի, ինչպես նաեւ վիրահատության ընթացքի լուսանկարները) անոթների պլաստիկա է արել ու կարել վնասված երակը, օգտագործելով հենց հիվանդի երակից վերցված աուտոտրանսպանտատ: Նաեւ արվել է վերքի պատճառով վնասված նյարդի պլաստիկա: Հիվանդի աքիլեսյան ջիղը նույնպես կտրված էր, ու այն նույնպես կարել են:
Հիվանդի ( նա չի ցանկացել հայտնել իր անունը) ոտքը դեռ գիպսի մեջ է, այն կհանվի մեկ ամսից: Բայցեւայնպես տղամարդն արդեն փորձում է քայլել՝ առայժմ հենակների օգնությամբ:






