Ամեն տարի նոյեմբերի 12-ին նշում են Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day), որն օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի նախաձեռնությամբ, որը միավորում է միջազգային, կառավարական, հասարակական եւ տեղական կազմակերպությունները, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտական ինստիտուտներն ու հիմնադրամները։
Չնայած մասնագետների ջանքերին՝ թոքաբորբը մնում է աշխարհում առողջապահական լուրջ խնդիրներից մեկը։ Ավելին՝ այս հիվանդությունը անչափահասների մահվան հիմնական պատճառն է։ Ամեն տարի թոքաբորբից մահանում է մինչեւ 5 տարեկան 1.4 մլն երեխա։ Սա ավելին է, քան ՁԻԱՀ-ը, կարմրուկն ու մալարիան միասին վերցրած։ Թոքաբորբը տարածված է ամենուր, սակայն այդ խնդիրը հատկապես սուր է Հարավային Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում։
Տարեց մարդկանց համար թոքաբորբը պակաս վտանգավոր չէ եւ կարող է հանգեցնել ծանր սեպսիսի կամ մահվան։
Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը պակասել են։ Եթե 2011թ. 100 000 հիվանդ երեխաներից 11.6-ն էին մահանում, 2012 թվականին ցուցանիշը դարձավ 10.7, իսկ 2013-ին՝ 9.8։ Թոքաբորբը, սակայն, վտանգավոր է ոչ միայն բարդացումների պատճառով, այլ նաեւ հակաբիոտիկների դեմ կայունություն ձեռք բերելու գործում իր ունեցած դերի։
Այս օրը աշխարհի շատ երկրների առողջապահական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներ են կազմակերպվում, անցկացվում են բուժզննումներ, մարդկանց պատմում են թոքաբորբի եւ դրան ուղեկցող ռիսկերի մասին։






