ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Նախարարը հետաքրքրվեց հիվանդի բուժման վարման ընթացքով, զրուցեց նրա հետ: Հայաստանից ժամանած բժիշկները ռուս մասնագետների հետ քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը եւ հետագա քայլերը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի շրջանակում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Դ. Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունաբանության ֆեդերալ գիտակլինիկական եւ ՌԴ Մոսկվայի Վ.Ի.Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ պերինատոլոգիայի գիտական կենտրոնների նյութատեխնիկական հնարավորություններին եւ բժշկական ծառայությունների տեսակներին: Ուրվագծվեցին համագործակցության հեռանկարները: