Ճոճքի մեջ պառկելն օգնում է թուլանալ եւ խորը քնել։ Այդ պարզագույն մեթոդի դրական որակներն օգտագործում են Ռիո դե Ժանեյրոյի ծննդատներում։ Այնտեղ ճոճքերը հաջողությամբ օգտագործում են վաղածին երեխաների թերապիայի համար, փոխանցում է NDTV-ն։

Գաղափարը պատկանում է ֆիզիոթերապեւտ Կարոլինա Պոլազոնին։ Փոքր ճոճքերն այնտեղ օգտագործում են 2013թ.-ից։

«Մենք երեխայի համար մայրական արգանդի տպավորություն ենք ստեղծում։ Երեխաները զգում են իրենց, ինչպես պտուղը՝ մոր արգանդում։ Նրանք պառկած են մի փոքր ճկված վիճակում՝ ոտքերն ու ձեռքերը մարմնին սեղմած»,- ասել է Պոլազոնը։

Թերապիան շարունակվում է օրական 3 ժամ։ Այն կիրառում են այնքան ժամանակ, քանի դեռ երեխայի քաշը չի հասնում իր նորմային։ Ճոճքում նորածիններն իրենց ավելի հարմարավետ են զգում, քանի որ կարող են ազատ շարժվել։ «Երբ նրանք պառկած են սովորական ներքնակին, շարժումներն ավելի դժվար են, քանի որ նրանց մկանները դեռեւս զարգացած չեն»,- հավելել է ֆիզիոթերապեւտը։

«Դատելով հոգեկան-շարժական զարգացումներից, ինչպես նաեւ քաշի ավելացումից՝ մենք լավ արդյունքներ ենք ստանում։ Ճոճքում գտնվող երեխաները մյուսներից արագ են քաշ հավաքում»,- ասել է մանկաբույժ Սանդրա Սիմաշը։

Այսօր Ռիո դե Ժանեյրոյում այդ պրակտիկան կիրառում են 6 պետական ծննդատներում։