Թոքաբորբի համաշխարհային օրվա հետ կապված արժե հետազոտություն անցկացնել Հայաստանի բոլոր հիվանդանոցներում եւ նայել, կա՞ն արդյոք այնտեղ հակաբիոտիկներ, թթվածին եւ հատուկ սարքեր դրա ստացման համար։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը։  

Նրա խոսքով, թթվածինն ու հակաբիոտիկները թոքաբորբի բուժման կարեւոր մասն են եւ շատ դեպքերում հենց նրանցից է կախված հիվանդի կյանքը, հատկապես՝ երեխայի։ Հենց դրա համար էլ չափազանց կարեւոր է, որ Հայաստանի բոլոր հիվանդանոցները, ինչպես երեւանյան, այնպես էլ շրջանային, ապահովված լինեն եւ մեկով, եւ մյուսով։ 

Ինչպես նշել է բժիշկ Ոսկանյանը, աշխարհում ամեն տարի մինչեւ 5 տարեկան 155 միլիոն երեխա հիվանդանում է թոքաբորբով։ Ավելին՝ ամեն 30 վայրկյանը մեկ մի երեխա է մահանում թոքաբորբից։ Նրանց մեծամասնությունը կարող էր փրկվել, եթե նրանց համար հասանելի լինեին դեղամիջոցներն ու թթվածինը, չէ՞ որ թոքաբորբից մահվան պատճառը ոչ թե հենց բորբոքումն է, այլ թթվածնային քաղցը. երբ բորբոքային գործընթացը գրավում է թոքերի մի մասը, թթվածինը սկսում է չհերիքել եւ հիվանդը մահանում է թթվածնային քաղցից։ Դրա համար էլ շատ կարեւոր է, որպեսզի թոքաբորբով հիվանդը ստացիոնար բուժում ստանա հիվանդանոցում, որտեղ կա անհրաժեշտ ամեն ինչ. Եթե նա ստանա հակաբիոտիկներ, որոնք կօգնեն դիմակայել օրգանիզմի  մանրէային թունավորմանը, եւ թթվածնին, ամենայն հավանականությամբ հիվանդի կյանքին ոչինչ չի սպառնա։

Մասնագետը նաեւ նշել է, որ թոքաբորբն այնպիսի խնդիր է, որին պետք է մեծ ուշադրություն հատկացնել միջազգային կազմակերպությունների, երկրների կառավարությունների եւ ժողովրդի կողմից։ Կարեւոր է, որ բոլորը հասկանան, թե ինչպես է հնարավոր պայքարել նրա տարածման եւ բարդացումների դեմ։