Նոյեմբերի 12-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կայացած Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան հավաքի ժամանակ ասոցիացիայի նախագահ է վերընտրվել Արթուր Գրաբսկին, որն այն ղեկավարել է նախորդ երկու տարիներին:

Կազմակերպության քարտուղար Ռուբեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Ասոցիացիայի նախագահն ընտրվում է 2 տարի ժամկետով եւ երկու անգամ վերընտրվելու իրավունք ունի: Ընդ որում, այս տարի միակ թեկնածուն հենց կազմակերպության գործող նախագահն է եղել:

Իր ելույթում Արթուր Գրաբսկին հայտարարեց, որ «Հայկական ուրոլոգիական ասոցիացիան մեր ընտանիքն է, կենսակերպը, եկեք պահպանենք այն»:

Գրաբսկին ներկայացրեց երկու տարվա աշխատանքի արդյունքները. 2 կոնգրես է անցկացվել՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ, 2014 թվականին ֆունկցիոնալ ուրոլոգիայի դպրոց է կազմակերպվել, 2015-ին՝ ուրոլոգիայի մոսկովյան դպրոց: Ասոցիացիայի պատվիրակությունները հանդես են եկել եվրոպական եւ տարածաշրջանային գրեթե բոլոր խոշոր ուրոլոգիական համաժողովներում: Բացի այդ, ուրոլոգների եւ նրանց ընտանիքների օգնության հատուկ հիմնադրամ է գործում:

«Բազմաթիվ ուրոլոգների համար սովորական է դարձել ուրոլոգիական պրակտիկայում եվրոպական ուղեցույցներով առաջնորդվելը: Գործում է երկրորդ կարծիքի ինստիտուտը»,- փաստեց նա՝ հավելելով, որ դիտարկվում է հեռանկարում եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի կրեդիտավորման համակարգին միանալու հարցը՝ միջազգային կրեդիտներ ստանալու եւ տրամադրելու համար:

Հայաստանի առողջապահության նախարար, Ասոցիացիայի նախկին նախագահ Արմեն Մուրադյանն Արթուր Գրաբսկուց հետաքրքրվեց, թե որտեղ է նրա թիմը, որի ցուցակը ներկայացված է պատին, եւ քննադատության ենթարկեց փաստը, որ Ասոցիացիայի տարբեր կառույցների ղեկավարներ նախագահի հետ միասին գործունեության հաշվետվություն չեն ներկայացնում:

Նա հիշեցրեց, որ «Բժշկական օգնության մասին» օրենքում փոփոխություններ են ընդունվել, եւ շուտով հավատարմագրման համապատասխան խորհուրդ կընտրվի, որում պետք է ներառվեն մասնագիտական ասոցիացիաները: «Սա արդեն օրենքի մակարդակով է, այլ ոչ թե գաղափարների»,- ասաց նա՝ հավելելով, որ կրեդիտների մասին փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թվականից, իսկ մինչ այդ հարկավոր է միավորներ հավաքել:

«Ոչ ոք հենց այնպես կրեդիտներ չի տալու՝ հասարակության կամ ասոցիացիայի առջեւ ունեցած վաստակի համար, հատկապես, եթե այդ վաստակը` բաժանմունք ղեկավարելն է»,- ասաց նախարարը: Նա նաեւ հիշեցրեց, որ ուրոլոգներն առաջինն էին, որոնք առաջ էին մղում օրենսդրական այդ փոփոխությունները, սակայն փոփոխություններն ընդունվեցին, իսկ Ասոցիացիան մնաց այնպիսին, ինչպիսին 10 տարի առաջ էր:

Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ հստակ առաջարկություն է ներկայացնում. քննարկել Ասոցիացիայի վերակազմավորման, վերակազմակերպման հարցը, հստակեցնել կազմակերպությանն անդամակցության խնդիրն ու Առողջապահության նախարարություն առաջարկ ներկայացնել, թե ով է ներկայացնելու Ասոցիացիան հավատարմագրման խորհրդում: Նախարարը նաեւ ընդգծեց, որ անձամբ սատարում է Ասոցիացիայի նախագահի պաշտոնում Արթուր Գրաբսկու թեկնածությունը:

Ելույթներից հետո գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Գրաբսկին վերընտրվեց իր պաշտոնում: