Աչքի որոշ հիվանդություններ վաղ թե ուշ կուրության են հանգեցնում, իսկ ուրշները հնարավոր է բուժել, եթե ժամանակին դիմեն բժշկի։  Սակայն շատ մարդիկ, որոնք տառապում են բոլոր այդ հիվանդություններից, բժշկի չեն դիմում։ Այդ մասին լրագրողներին պատմել է բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը։ 

Ժամանակակից բժշկությունը, ցավոք, դեռ չի կարող բուժել աչքի որոշ հիվանդություններ։  Նման հիվանդությունների թվին են դասում աչքի բնածին թերությունները, շաքարախտի հետ կապված եւ հիպերտոնիկ ռետինոպատիաները եւ գլաուկոմաները։  Բայց նույնիսկ այդ հիվանդությունների պարագայում ժամանակին բժշկին դիմելն ու ճիշտ բուժումը կօգնեն առավելագույնս հետաձգել տեսողության կորուստը։ 

Կան նաեւ մի շարք այլ հիվանդություններ, որոնք կարող են կուրության հանգեցնել, բայց որոնք մեծ հաջողությամբ հնարավոր է բուժել։  Նման հիվանդությունների թվին են դասվում, օրինակ, տարիքային կատարկտը եւ կերատոկոնուսը։ Կատարակտի դեպքում վնասված բյուրեղիկը հնարավոր է նորով փոխարինել. վիրահատությունը բարդ չէ եւ Հայաստանում բավականին վաղուց են անում դա։  Այլ հարց է, որ շատ մարդիկ, հատկապես հեռավոր շրջանների բնակիչները, գերադասում են հաշտվել տեսողության կորստի հետ եւ բժշկի չդիմել։  Մասնագետների կարծիքով դա այնքան էլ ճիշտ չէ, չէ՞ որ փոքրիկ վիրահատությունը  կօգներ վերականգնել տեսողությունը, բարելավել կյանքի որակը եւ նվազեցնել մտերիմների վրա ընկնող բեռը։ 

Ինչ վերաբերում է կերատոկոնուսին, որը շատ հաճախ հանդիպում է հայերի, հրեաների եւ արաբների մոտ, անցյալում այն անբուժելի հիվանդություն էր համարվում եւ կարող էր կուրության հանգեցնել, սակայն վերջերս մի պրոցեդուրա է ստեղծվել, որը կարող է նման հիվանդներին օգնել կանխարգելել կուրացումը։  Հայաստանում մասնագետներն արդեն  մոտ 7 տարի իրականացնում են բուժման այդ տեսակը։