Հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ բախվում են տարբեր բարդությունների եւ խնդիրների։ Այն մասին, թե առավել հաճախ ինչ խնդիրներ են անհանգստացնում կույրերին եւ թույլ տեսողություն ունեցողներին, լրագրողներին պատմել է Հայաստանի  Կույրերի միության մշակույթի պալատի ղեկավար Յուրի Ավետիսյանը։

Աշխատանքը

Ինչպես նշել է Յուրի Ավետիսյանը, նախկինում կային այնպիսի կազմակերպություններ, որտեղ կույրերը, ինչպես նաեւ հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցողները կարող էին սովորել եւ աշխատել։  Այժմ նման կազմակերպություններ չկան, եւ այդ մարդկանց համար շատ դժվար է աշխատանք գտնելը։ 

Տեղափոխությունը 

Քաղաքում տեղաշարժվելու հետ կապված մի շարք խնդիրներ կան։ Ինչպես նշել է Յուրի Ավետիսյանը, եթե գոնե ավտոբուսներն անվճար լինեին կույրերի համար, դա զգալիորեն կթեթեւացներ նրանց կյանքը։  Նրա խոսքով, անցյալում կույրերը կարող էին անվճար օգտվել տրանսպորտից եւ նույնիսկ միջքաղաքային տրանսպորտից, իսկ ավիատոմս գնում էին երկու հոգու համար մեկ հատ՝ կույրի եւ նրա ուղեկցողի։  

Բնակարանը

Ոչ պակաս սուր է նաեւ բնակարանով ապահովման հարցը։ Կույր մարդը, ինչպես նշել է Յուրի Ավետիսյանը, նույնպես ուզում է լիարժեք կյանքով ապրել, ընտանիք ունենալ, իսկ դրա համար նրան բնակարան է պետք։ 

Բուժումը

Կույր եւ թույլ տեսողություն ունեցող մարդկանց բուժման արտոնությունները բավականին փոքրաթիվ են, եւ դա եւս լուրջ խնդիր է։ Ինչպես նշել է Յուրի Ավետիսյանը, եթե մասնավոր նախաձեռնություններ, ակցիաներ եւ տարբեր հիվանդանոցներում բաց դռների օրեր չլինեն, այդ մարդիկ մեծ դժվարությամբ կվճարեն բուժման շատ տեսակների համար։