Կարճատսությունը եւ հեռատեսությունը աչքի առավել տարածված խնդիրներից են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Նման խախտմամբ շատ մարդիկ դիմում են ոչ թե բժշկին, այլ դեղատների փոքրիկ կետերին, որտեղ հնարավոր է պատրաստի ակնոց գնել։ Սակայն չի կարելի նման բան անել, կարծում է բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը։
Ինչո՞ւ պիտի հենց բժիշկը նշանակի ակնոցը:
Նախ եւ առաջ, ինչպես նշել է բժիշկը, մարդու երկու աչքի տեսողությունը հազվադեպ է միանման լինում, իսկ աչքի պատրաստի ոսպնյակները որպես կանոն միանման են։ Եթե աչքերի տարբեր տեսողությամբ մարդը սովորական ակնոց կրի, նրա մոտ կարող է գլխապտույտ եւ այլ խնդիրներ սկսվել, իսկ ինքը գուցեւ չհասկանա դրանց պատճառը։
Իսկ եթե բժիշկը ակնոց նշանակելուց առաջ ստուգի հիվանդի տեսողությունը եւ տեսնի, որ մի աչքի տեսողությունն ավելի վատ է, քան մյուսինը, համապատասխան ակնոց կնշանակի, ինչը կօգնի մեղմել խնդիրը եւ հազիվ թե նոր խնդիրների պատճառ դառնա։
Հետաքրքիր է, որ ամենից հաճախ դպրոցականների մոտ է կարճատեսություն հանդիպում. հավանաբար պատճառը այդ տարիներին նրանց ֆիզիկական աճն է եւ այն, որ նրանք հաճախ են ստիպված լինում լարել աչքերը։ Հենց դրա համար էլ կարճատեսությունը հաճախ «դպրոցականների հիվանդություն» են կոչում։
Ինչ վերաբերում է հեռատեսությանը, այն ամենից հաճախ հանդիպում է 40-ից մեծ մարդկանց մոտ։ Ամենից հաճախ դա ֆիզիոլոգիական նորմա է. նման մարդիկ պիտի ճիշտ ակնոց ընտրեն. եւ ցանկալի է դա անել բժշկի օգնությամբ, կարծում է մասնագետը։






