Սեմ Կիմուրեն 17 տարեկանում իմացել է, որ սակավարյունություն (ապլաստիկ անեմիա) ունի։ Առողջանալու նրա միակ շանսը ոսկրածուծի փոխպատվաստումն է, սակայն խնդիրն այն է, որ Ոսկրածուծի ազգային ռեեստրում նրան համապատասխան դոնոր չի եղել։

6 տարի անց Սեմը եւ նրա ավագ քույրը՝ Ալեքս Կիմուրան, որոշել են վաճառել իրենց մեքենաները, գնել մինիվեն եւ ճանապարհորդել երկրով՝ մարդկանց կոչ անելով գրանցվել ոսկրածուծի դոնորների ռեեստրում, հնարավոր է նրանց մեջ լինի մեկը, որը կարող է Սեմի համար դոնոր դառնալ։

Ընկերները ճանապարհորդում են ԱՄՆ նահանգներով եւ իրենց ճանապարհորդությունների մասին պատմում են S.A.M «Sharing America’s Marrow» կայքում։ Հելոուինի ժամանակ նրանք այցելել են Օքլահոմայի համալսարան եւ ԴՆԹ նմուշներ վերցրել ուսանողներից։

Նրանք պլանավորում են 191 կանգառ կատարել, այցելել ուսումնական հաստատություններ, համերգներ եւ այլ վայրեր։ Նրանք հույս ունեն այդ ժամանակահատվածում դոնորների ցանկը հավելել 50 հազարով։ Այս պահին արդեն հաջողվել է հավաքել 13 000 դոնոր։

Արեւմտյան մամուլի տեղեկություններով՝ Սեմի մոտ ռեմիսիա է։ Իր առողջական վիճակը կայուն պահելու համար նա ստիպված է ամեն օր 20 դեղահաբ կուլ տալ։ Քույրերի խոսքով՝ նրանք այդ ճանապարհորդությունը ձեռնարկել են ոչ միայն Սեմի համար դոնոր գտնելու համար, այլ նաեւ հանուն բոլոր այն մարդկանց, որոնք նույնպես դոնորի կարիք ունեն։

25 տոկոս հավանականություն կա, որ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցողների համար դոնոր կարող են դառնալ նրանց քույրերը կամ եղբայրները, սակայ փորձը ցույց է տալիս, որ 70 տոկոս դեպքերում այդ հիվանդներն իրենց ազգականների մոտ համապատասխան դոնորներ չեն գտնում։