Շաքարախտը ածխաջրատների փոխանակության խանգարում է, որն իր հերթին հանգեցնում է սպիտակուցային եւ ճարպային փոխանակության խախտման, ինչի պատճառը ինսուլինի պակասն է։ Այդ մասին նոյեմբերի 14-ին Շաքարախտի դեմ պայքարի օրվան նվիրված մամուլի ասուլիսին ասել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։
Կախված նրանից, թե ախտանիշները երբ են ի հայտ գալիս, շաքարախտը երկու տեսակի է բաժանվում.
Առաջին տիպի կամ պատանեկան շաքարախտը աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ սեփական իմունիտետը սկսում է սեփական գեղձն ընկալել որպես օտարածին մարմին եւ սկսում է այն ոչնչացնել։ Դրա պատճառ կարող են լինել տարբեր վարակիչ հիվանդությունները։ Այդ ձեւը հանդիպում է երեխաների եւ երիտասարդների մոտ (մինչեւ 25 տարեկան) եւ բնորոշվում է ինսուլինի կատարյալ բացակայությամբ։
Երկրորդ տիպի շաքարախտը մեծերի շաքարախտն է։ Այդ տիպը որպես կանոն հանդիպում է միջին եւ մեծ տարիքում եւ գերակշռող տեսակ է հանդիսանում։ Արյան մեջ ինսուլինի պարունակությունը նվազում է կամ նորմալ է լինում, այսինքն գործ ունենք հորմոնի հարաբերական պակասի հետ։
Հիվանդության ախտանիշները
Որպես հիվանդության առաջին ախտանիշներ, Հասմիկ Աբովյանն առանձնացրել է բերանի չորությունը, շարունակական ծարավը եւ հաճախամիզությունը, սակայն հավելել է, որ շատ հաճախ շաքարախտը գրեթե առանց ախտանիշների է ընթանում եւ հայտնաբերվում է պատահաբար՝ այլ հիվանդությունների առիթով արյուն հանձնելիս։ Դրա համար էլ նա կոչ է արել չխուսափել բժիշկներին կանխարգելիչ այցելություններից։
Բուժումը
Առաջին տեսակի շաքարախտի բուժման համար ինսուլինի ներարկումներ են պահանջվում, իսկ երկրորդ տեսակի շաքարախտը, կախված նրանից, թե արդեն որքան է զարգացել, բուժվում է կամ դեղահաբերով կամ էլ դարձյալ ինսուլինի ներարկումներով։
Նախադիաբետի փուլում հիվանդության դեմ հնարավոր է պայքարել սննդակարգին հետեւելով եւ ակտիվ կենսակերպով՝ դրանով կանխարգելելով նրա հետագա վերաճումը շաքարախտի։
Բժշկի խոսքով, շաքարախտով հիվանդները իրենց դեղամիջոցներն անվճար են ստանում այն պոլիկլինիկաներից, որտեղ գրանցված են։ Դեղատներում եւս հնարավոր է ձեռք բերել նման դեղամիջոցներ։
Ինչ վերբերում է ինսուլինային գրիչներին, որոնք պիտի բաժանվեն շաքարախտով հիվանդ երեխաներին, Հ. Աբովյանը նշել է, որ դրանք շատ հարմար են օգտագործման համար եւ զգալիորեն թեթեւացնում են շաքարախտով հիվանդի կյանքը։ Նրա խոսքով, քանի որ շաքարախտով հիվանդ երեխաները ստիպված են իրենք վերահսկել ինսուլինի մակարդակը, նրանց համար հատուկ սարք է ստեղծվել, որի միջոցով շատ հեշտ է կարգավորել չափաբաժինը եւ դեղեր ստանալ։ Եվ դա կարեւոր է, որովհետեւ ինսուլինի չափաբաժնի գերազանցումը շատ վտանգավոր է։
Հասմիկ Աբովյանը նշել է, որ եթե մարդը շաքարախտ հայտնաբերելու հետո խստորեն հետեւի բժիշկների բոլոր խորհուրդներին, շաքարախտը կարող է ոչ թե հիվանդություն դառնալ, այլ կենսակերպ, որով հնարավոր կլինի երկար եւ նորմալ ապրել։






