Երեւանում Մոսկվայի տանը նոյեմբերի 14-ին, Շաքարախտի դեմ պայքարի օրվա շրջանակում հիվանդության վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառում է տեղի ունեցել։  

Ինչպես նշել է Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Էլզա Հայրապետյանը, շաքարախտն այնպիսի հիվանդություն է, որի բանալին յուրաքանչյուր հիվանդի ձեռքում է։  «Նման հիվանդությունները շատ քիչ են։ Սա այնպիսի հիվանդություն է, որի դեպքում դեղահաբերի կարեւորությունը երրորդական է։  Հիվանդը պիտի գիտակցի, թե ինչ կարեւոր է առողջ ապրելակերպ ունենալը։ Շատ կարեւոր է ընդունվող սնունդը։ Հատուկ սննդակարգի անհրաժեշտություն չկա, ուղղակի պետք է ճիշտ  եւ ժամանակին սնվել, գոնե՝ օրը երեք անգամ։ Անհրաժեշտ է սննդից բացառել ածխաջրերը՝ այն, ինչը մաքուր գլյուկոզա է պարունակում», - ընդգծել է Էլզա Հայրապետյանը։

Եվ իհարկե, հավելել է բժիշկը, շատ կարեւոր է ֆիզիկական ակտիվությունը, որովհետեւ աշխատելով՝ օրգանիզմի բոլոր մկանները յուրացնում են գլյուկոզան եւ օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը նվազում է։ «Դժբախտաբար պիտի նշեմ, որ ավելացել է շաքարախտով հիվանդ հղի կանանց թիվը։ Դա կոչվում է գեստացիոն շաքարախտ, որը հղիությունից հետո կարող է անցնել կամ չանցնել», - հավելել է Հայաստանի Շաքարախտի ասոցիացիայի ղեկավարը։ 

 Միջոցառմանը մասնակցող մաթեմատիկայի ուսուցչուհին ներկայացրել է իր հիվանդության պատմությունը.  «Երբ իմացա հիվանդությանս մասին, լաց եղա։ Բայց բժիշկն ինձ բացատրեց, որ ներկայումս մենք կարող ենք ավելի որակյալ դեղամիջոցներ օգտագործել»։

Միջոցառմանը շաքարախտով հիվանդ երեխաները հյուրերին ուրախացրեցին հետաքրքիր ելույթներով. Լուիզա Կարապետյանը, Մանե Գառնիկյանը եւ Ախալքալաքից մի աղջիկ գեղեցիկ պարային համարներ կատարեցին, իսկ Մանվել Անդրիասյանը հայկական երգ երգեց։

[gallery id=58]