Բժշկական գործունեության նկատմամբ նոր մոտեցումները, որոնք հաստատվել են «Բժշկական օգնության, բնակչության սպասարկման մասին» օրենքի փոփոխություններով, պետք է առաջին հերթին ուղղված լինեն զարգացմանը, նաեւ բժիշկների պաշտպանությանը: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ըստ նրա, «եթե բժիշկը չափագրված որակ չտա, պաշտպանել նրա աշխատանքն օրեցօր ավելի դժվար է դառնում»։

Արմեն Մուրադյանը նշել է, որ այսօր լրատվամիջոցների ու հասարակության համար հասանելի է տեղեկատվության ավելի լայն շրջանակ, այդ թվում առողջապահական ու բժշկական ոլորտներում, բայց այդ տեղեկատվությունը, նախարարի խոսքով, մակերեսային է: «Հիմք ընդունելով այդ տեղեկատվությունը՝ լրատվամիջոցներն ու հասարակությունը իրենց իրավունք են վերապահում քննադատել բժիշկների գործողությունները ու նրանց պահանջներ ներկայացնել», - ասաց նա:

Նախարարը, սակայն, անմիջապես հավելեց, որ իրավապահանջ լինելը համարում է քաղաքակրթության ամենալուրջ ձեռքբերումներից մեկը, սակայն «չափագրենք, չափագրված պահանջենք, թվայնացված որակ պահանջենք»։  «Մի դրեք կասկածի տակ բժշկի հեղինակությունը, բժշկի սխալը մի համեմատեք բժշկական հանցագործության հետ։ Դա խիստ տարբեր երկու երեւույթներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ «անկյունաքարային հատվածը բոլոր չափագրված որակներում, աշխարհի բոլոր անկյուններում մնում է վստահությունը»։