Հայաստանի Ազգային ժողովի կողմից «Բժշկական օգնության, բնակչության սպասարկման մասին» օրենքում փոփոխությունները վերաբերում են շարունակական բժշկական կրթության համակարգի (կրեդիտային համակարգի) եւ չափորոշիչ, ուղեցույց, գործելակարգ հասկացությունների ներդրմանը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով, այս փոփոխությունները «խիստ անհրաժեշտ են ընդհանուր որակական փոփոխությունների համար, որպեսզի որակն ավելի չափելի լինի, եւ չափելի դառնա կադրային բաղադրիչը»։
Նախարարը հիշեցրեց, որ բժշկական կրթությունը կազմված է երեք փուլից՝ դիպլոմային, հետդիպլոմային կրթություն եւ, ամենաերկարատեւ փուլը, շարունակական մասնագիտական կրթությունը: Եվ հենց երրորդ փուլը երկար տարիներ մեր երկրում բացակայում էր եւ թողված էր ինքնահոսի:
Ըստ Արմեն Մուրադյանի, նախկինում գործող վերապատրաստման մեթոդն արդեն ձեւական բնույթ էր կրում: «Բժշկագիտությունը վերջին 20 տարիներին սկսեց այնքան սրընթաց զարգանալ, որ 5 տարին մեկ անգամ վերապատրաստվելը դարձավ բացարձակ իմաստազրկված երեւույթ։ Անգամ տարին մեկ անգամը կարող է լինել ուշացումով»,- նշեց նա՝ հավելելով, որ այս մոտեցման պարագայում ամենակարեւորը հենց կրթության շարունակականությունն է:
Նախարարը պարզաբանեց, որ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո հավաստագրման հատուկ կենտրոն է ստեղծվելու, որի աշխատանքներում ներգրավվելու են պրոֆեսիոնալ բժշկական միավորումները՝ ասոցիացիաները: Ընդ որում, ասոցիացիաները պետք է համապատասխանեն հստակ չափանիշների. դրանք պետք է պատմություն ունենան, դինամիկ զարգանան, տարեկան հավաքներ եւ համաժողովներ անցկացնեն, եւ ասոցիացիայի անդամ պետք է լինեն այդ ոլորտի մասնագետների երկու երրորդը:
Հինգ տարվա ընթացքում 220 միավոր հավաքած բժիշկներին հավաստագրման կենտրոնը հաջորդող 5 տարիների բժշկական պրակտիկայի իրավունք կտա: Եթե որեւէ բժիշկ չկարողանա այդքան միավոր հավաքել, նրան թույլ կտան որոշակի մասնագիտական գործունեություն ծավալել, բայց նա ինքնուրույն աշխատելու իրավունք չի ունենա: Միջին բուժանձնակազմը պետք է 160 միավոր հավաքի:
Արմեն Մուրադյանի խոսքով, հարկ կլինի միավորներ հավաքել երեք ուղղություններով. տեսական գիտելիքների զարգացում, գործնական հմտությունների զարգացում եւ ինքնակրթություն: Դրա համար բժիշկները պետք է մասնակցեն համաժողովների եւ սիմպոզիումների, գիտական հոդվածներ հրապարակեն, որակավորման բարձրացման դասընթացների մասնակցեն, այդ թվում՝ արտերկրում: Նաեւ որակավորման առցանց-դասընթացներ կանցկացվեն, ինչը շատ հարմար կլինի շրջաններում աշխատող բժիշկների համար։
Ինչ վերաբերում է մասնագիտական կրթության ֆինանսական հատվածին. նախարարի խոսքով, այս դեպքում նույնպես մեծ կլինի ասոցիացիաների դերը, քանի որ դրանց անդամները իրենց իսկ կազմակերպած համաժողովներին մասնակցում են անվճար կամ արտոնյալ պայմաններով: Ասոցիացիաները նաեւ շատ հաճախ ֆինանսավորում են իրենց անդամների արտասահմանյան գործուղումները:
Նախարարը նաեւ նշեց, որ ընդունվել է բժշկի ցանկությունը բավարարող որոշում, Հայաստանի բժշկական հանրությունը ոչ միայն պատրաստ է, այլեւ հենց ինքն է պահանջ ձեւավորել, եւ սա այսօր ժամանակի պահանջ է։
«Սա առաջադեմ քայլ է, եւ մենք կարող ենք օրինակ ծառայել մեր պես երկրների համար»,- նշեց Արմեն Մուրադյանը:






