Բարեգործական կամ առեւտրային նպատակով Հայաստան ժամանող արտասահմանցի բժիշկները պարտավոր կլինեն իրենց գործունեության համար թույլտվություն ստանալ Հավաստագրման կենտրոնից, որը կստեղծվի «Բուժօգնության, բնակչության սպասարկման մասին» օրենքում խորհրդարանի վերջերս ընդունած փոփոխություններին համապատասխան: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա բացատրել է, որ ոչ բոլոր դեպքերում են արտասահմանցի մասնագետների այցելությունները լինում «բարեգործական կամ կրթական»։ «Ոչ բոլոր Հայաստան ժամանող մասնագետները իրենց երկրում այդ պահին աշխատելու թույլտվություն են ունենում։ Մենք պահանջելու ենք իրենցից այդ թույլտվությունը, ու եթե այդ պահին ինքը իր երկրում չունի օրենքի հետ որեւէ խնդիր, ունի հավաստագիր, մեր հավաստագրման կենտրոնը թույլ կտա նրան աշխատել Հայաստանում», - ասել է նախարարը:
Նա նշել է, որ զարգացած երկրներում, օրինակ` ԱՄՆ-ում այլ երկրից եկած բժիշկը նույնիսկ հիվանդի պուլսը չի կարող չափել առանց այդ երկրում աշխատելու թույլտվություն ստանալու: «Իսկ ինչո՞ւ պիտի դա թույլատրելի լինի մեր երկրում: Դա բաց է, որը մենք ուզում ենք լրացնել», - ասել է նա:






