Լիզզի Դենիսոն-Ուորդը 2 տարվա ընթացքում 40 կիլոգրամ գիրացել էր եւ բոլորովին էլ ոչ անառողջ սննդի պատճառով, այլ, ինչպես պարզվեց, ուղեղում ուռուցքի:
Երբ աղջիկը սկսեց գիրանալ, բժիշկները նրան ասացին, որ նրա նյութափոխանակությունը դանդաղել է եւ պիտի սկսի ճիշտ սնվել: Այդ ժամանակվանից նա փոխեց իր սննդակարգը, սկսեց օրական ընդամենը 1000 կալորիա սնունդ ընդունել, բայց ոչ միայն չնիհարեց, այլեւ շարունակեց գիրանալ: Եթե նախկինում ընդամենը 57 կիլոգրամ էր կշռում, 22 ամսվա ընթացքում մոտ 100 կիլոգրամ գիրացավ եւ սկսեց 10 չափս ավելի մեծ հագուստ կրել, քան նախկինում:
Լիզզին անընդհատ իր ընտանեկան բժշկին էր այցելում, անալիզներ էր հանձնում, բայց նրա մոտ ոչինչ չէին գտնում: Աղջիկը սակայն համոզված էր, որ ինչ-որ խնդիր ունի, մայրն էլ էր անհանգստացած, չէ որ դուստրն ամբողջ կյանքում բարալիկ ու նիհար էր եղել: Լիզզին փորձեց համացանցում գտնել իրեն անհանգստացող հարցերի պատասխանները, հետաքրքիր տեղեկություն գտավ Քուշինգի համախտանիշի մասին եւ մտածեց, որ այն, ինչ տեղի է ունենում իր հետ, շատ նման է դրան: Հենց այդ ժամանակ էլ որոշեց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անցնել, ընդ որում հետազոտության համար ստիպված եղավ իր գրպանից վճարել (մոտ 2500 դոլար), հակառակ դեպքում ստիպված կլիներ շատ երկար սպասել ցուցակում իր հերթին:
ՄՌՏ-ն իրոք էլ ցույց տվեց, որ նրա մակուղեղի վրա 4-միլիմետրանոց գոյացություն կա, ինչը հանգեցրել էր հորմոնալ անհավասարակշռության եւ ավելորդ ճարպերի կուտակման: Ավելին, այդ ուռուցքը կարող էր սպանել նրան, եթե չհայտնաբերվեր: Չնայած ուռուցքը բարորակ էր, Քուշինգի համախտանիշով հիվանդները շատ հաճախ մահանում են 5 տարվա ընթացքում, եթե հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվում:
Ուռուցքը հեռացվեց 2 ժամ տեւած վիրահատության ընթացքում, ինչից հետո աղջիկը սկսեց արագ նիհարել: Վիրահատությունից 5 շաբաթ անց նա արդեն 89 կիլոգրամ էր կշռում: Իհարկե այժմ ստիպված է դեղեր խմել օրգանիզմում հորմոնների մակարդակի կարգավորման համար:






