Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը բարդ եւ բազմագործոն խնդիր է: Սակայն նույնիսկ մի քանի պարզ քայլը, որ յուրաքանչյուրը կարող է անել, ի վիճակի են օգնել կանխարգելելու այն:  Այդ քայլերի մասին լրագրողներին պատմել է ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը:  

1. Հիշեք, որ հակաբիոտիկներով բուժում են միայն այն հիվանդությունները, որոնք մանրէների պատճառով են ի հայտ եկել:

Վարակիչ հիվանդությունների դեմ հակաբիոտիկներն անզոր են, դրա համար էլ չի կարելի դրանք ընդունել գրիպի կամ այլ հիվանդությունների դեպքում:  

2. Հակաբիոտիկներ ընդունեք միայն բժշկի նշանակմամբ:

Ջանացեք հստակորեն հետեւել բժշկի բոլոր հանձնարարություններին եւ հակաբիոտիկներն ընդունեք ճիշտ այնպես, ինչպես նա ասել է, չփոխելով չափաբաժինը, ոչ էլ դեղն ընդունելու ժամերը:

3. Հակաբիոտիկներով բուժման կուրսը մի ընդհատեք:

Նույնիսկ եթե կուրսի կեսն եք խմել ու ձեզ հրաշալի եք զգում, դա չի նշանակում, որ կարող եք ընդհատել այն:  Անհրաժեշտ է մինչեւ վերջ խմել կուրսը, չէ որ ընդհատումը կարող է նպաստել մանրէների դեմ դիմադրողականության ձեւավորմանը

4. Մի ընդունեք ուրիշ մեկին նշանակված դեղամիջոցներ:

Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ նույն հիվանդությունն ունեք, ինչ ձեր ծանոթը, չի կարելի ընդունել այն դեղերը, որոնք նրան են նշանակել:  Հիվանդությունների ախտանիշները կարող են նման լինել, բայց  գրգռիչները կարող են լինել տարբեր: 

5. Պաշտպանվեք մանրէածին հիվանդություններից:

Հաճախ անհամեմատ ավելի հեշտ է պաշտպանվել մանրէածին հիվանդություններից, քան կարող է առաջին հայացքից թվալ:  Ձեռքերը օճառով լվացեք, չէ որ կեղտոտ ձեռքերը շատ հիվանդությունների աղբյուր են:  

Հիշեցնենք, որ այսօր աշխարհում սկսվում է Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը, որին Հայաստանն էլ է միացել:  Շաբաթն ուղղված է հակաբիոտիկների դեմ դիմադրողականության խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ հանրության, բուժաշխատողների եւ քաղաքագետների շրջանում դրանց ճիշտ գործածության քարոզչությանը: