Հիվանդությունների կանխարգելման նպատակով հակաբիոտիկների օգտագործումը շատ վտանգավոր է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպան ընթացքում պատմել է Հայաստանի Առողջապահության նախարար Սերգեյ Խաչատրյանը:
Դժբախտաբար, մեր իրականության մեջ մարդիկ հաճախ հակաբիոտիկի 1-2 դեղահաբ են ընդունում իբր այս կամ այն հիվանդության կանխարգելման նպատակով: Սակայն դա ոչ միայն չի օգնում կանխարգելել որեւէ հիվանդություն, այլեւ վտանգի տակ է դնում մարդու եւ նրա հարազատների առողջությունը:
«Դա շատ վտանգավոր միտում է, շատ վտանգավոր պահվածք: Մարդիկ դրանով վնաս են հասցնում իրենց առողջությանը», - նշել է նախարարի տեղակալը:
Նման «կանխարգելման» արդյունքում, մասնագետների խոսքով, մարդու օրգանիզմում կարող են հակաբիոտիկների դեմ կայուն մանրէների շտամներ հայտնվել: Ավելին, այդ մանրէները ոչ միայն տվյալ մարդու, այլեւ նրա հարազատների եւ շրջապատի համար կարող են լուրջ խնդիր դառնալ, չէ որ նա այդ մանրէներով կարող է վարակել այլ մարդկանց, եւ նրանց բոլորի համար շատ դժվար կլինի բուժվելը, որովհետեւ այդ մանրէներն անզգա կլինեն բուժման հանդեպ:
Սերգեյ Խաչատրյանը նաեւ հիշեցրել է, որ յուրաքանչյուր հիվանդություն անհատական մոտեցում է պահանջում, եւ միայն բժիշկը կարող է որոշել, թե արդյոք տվյալ հիվանդն ունի հակաբիոտիկների կարիք, ինչ չափաբաժնով, եւ ինչ տեւողություն պետք է ունենա բուժումը: Ավելին, բժշկի խորհուրդներին պետք է շատ ճշգրտորեն հետեւել, իսկ բուժումն ընդհատել ոչ մի դեպքում չի կարելի, նույնիսկ եթե հիվանդն իրեն արդեն շատ լավ է զգում: Ինքնաբուժումն ու ինքնագործունեությունը կարող են ողբալի հետեւանքներ ունենալ եւ նպաստել հակաբիոտիկների դեմ կայունության տարածմանը:
Հիշեցնենք, որ հակաբիոտիկների դեմ կայունությունը ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի լրջագույն խնդիրներից մեկն է համարվում. միլիոնավոր մարդիկ արդեն հիվանդ են այնպիսի հիվանդություններով, որոնք առաջացել են մանրէի` հակաբիոտիկների դեմ անզգայության հետեւանքով: Նման հիվանդությունների բուժումը շատ բարդ է, դրանք մեծ ջանքեր ու հսկայական ծախսեր են պահանջում:






