Նյու Յորքում դեմքի հյուսվածքների փոխպատվաստման աշխարհի խոշորագույն վիրահատությունն են արել: 2001 թ. հրդեհից տուժած՝ կամավորականների հրշեջ ջոկատի մասնակցին ամբողջությամբ նոր դեմք են փոխպատվաստել՝ քիթ, շրթեր, կոպեր ու նույնիսկ ականջ:
Վիրահատությունը դեռ օգոստոսին է արվել Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնում, սակայն դրա արդյունքները նոր են հրապարակվել: Հիվանդը՝ 41-ամյա Փաթրիք Հարդիսոնը, ստացել է 26-ամյա Դեվիդ Ռոունդբախի դեմքը: Դոնորը զոհվել էր դժբախտ պատահարի ժամանակ, հեծանիվ վարելիս, ու փոխպատվաստման համար վերցվել է նրա հյուսվածքային դիմակը:
Դեմքի փոխպատվաստումը 26 ժամ է տեւել, ու դրան մասնակցել է 150 բժիշկ, այս մասին մամուլի համար կազմակերպված ճեպազրույցում հայտնել է բժշկական ջոկատի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Էդուարդե Ռոդրիգեսը: Փաստորեն դրանք երկու զուգահեռ վիրահատություններ էին՝ մասնագետների մի խումբը հյուսվածք էր վերցնում դոնորից, իսկ երկրորդը այն տեղադրում էր հիվանդի վրա՝ հարեւանությամբ գտնվող վիրահատական սեղանի վրա:
Հյուսվածքները ամբողջական կտորով հանել են զոհվածի դեմքից ու մի քանի կետերով միացրել հիվանդի գանգին, իսկ դրանից հետո, վիրաբույժի խոսքով «գլխին են հագցրել»:
«Ամեն ինչ կատարյալ է տեղադրվել», - վստահեցրել է Ռոդրիգեսը:
Այդքան բարդ վիրահատություն անելու իրավունքը Նյու Յորքի համալսարանի բժշկական թիմը ստացել է մեկ տարվա հատուկ բժշկական պրակտիկայից հետո, նշել է Ռոգրիգեսը: Համալսարանը ամբողջությամբ հոգացել է վիրահատության ծախսերը՝ մոտավորապես մեկ միլիոն դոլար:
Հարդիսոնը դեմքի վնասվածքներ ու այրվածքներ էր ստացել 2001 թ. Միսիսիպի նահանգի Սենատոբիա քաղաքում : Նրա առողջության համար հատկապես վտանգավոր էր կոպերի բացակայությունը, ինչը կարող էր կուրության պատճառ դառնալ: Նրա դեմքը, ինչպես մասնագետներն են նշել, «մի մեծ սպի» էր այրվածքներից հետո, չնայած նա 71 վիրահատություն էր տարել:
Մի անգամ հրշեջ աշխատակցի ընկերներից մեկը կապվել էր բժիշկ Ռոդրիգեսի հետ, ու նա ասել էր, որ կփորձի օգնել: Այդ ժամանակ 2014թ. օգոստոսին Հարդիսոնի անունը գրանցել էին հերթացուցակում: Այդ ժամանակվանից բժիշկները երկար փնտրում էին հարմար դոնորի, որը հիվանդին նման կլիներ մաշկի ու մազերի գույնով: Նաեւ կարեւոր էր, որ հիվանդի օրգանիզմի կողմից դոնորական հյուսվածքների մերժման վտանգը նվազագույն լիներ: Միայն մեկ տարի հետո է հաջողվել դոնոր գտնել: Զոհված հեծանվորդը դեռ կենդանության օրոք էր գրանցվել որպես օրգանների դոնոր՝ նրա մայրը թույլ է տվել, որ վիրաբույժներն օգտագործեն որդու դեմքը, նշելով, որ Ռոուդբախը միշտ ցանկացել է հրշեջ դառնալ:
Հիմա վիրահատությունից հետո Հարդիսոնը կարող է թարթել ու քնել փակ աչքերով: Առայժմ նա ռեաբիլիտացիա է անցնում այդ նույն կլինիկայում, սակայն նա ծրագրում է տուն վերադառնալ մինչեւ Շնորհակալության օրը: Նա նաեւ հույս ունի, որ նորից կկարողանա մեքենա վարել:








