2015թ. Հայաստանում գրանցվել է աղիքային ինֆեկցիաների 16 բռնկում, իսկ այդ ինֆեկցիաների ընդհանուր թիվը գրեթե 5 անգամ ավելի շատ է եղել, քան անցած տարի: Այս մասին լրագրողներին պատմել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների եւ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Ինֆեկցիաների դեպքերի մեծամասնության պատճառը սննդամթերքն էր (օրինակ մանկապարտեզներում ու հանգստի որոշ տներում գրանցված բռնկումները) ու կեղտոտ ձեռքերը, բայց եղել են բռնկումներ նաեւ ջրի աղտոտվածության պատճառով (օրինակ Արագածոտնի շրջանում ու Երեւանի Նորագավիթ թաղամասում):

Ինֆեկցիաների բոլոր դեպքերի մոտավորապես 40-60 տոկոսը երեխաներին է բաժին ընկնում, որոնց օրգանիզմը շատ ավելի խոցելի է նման հիվանդությունների նկատմամբ, քանի որ առաջին անգամ է բախվում դրանց հետ:

Աղիքային ինֆեկցիաների հատուկենտ դեպքեր գրանցվում են նաեւ այսօր, սակայն այդ դեպքերի միջեւ որեւէ համաճարակային կապ չկա՝ մարդիկ վարակվում են հիմնականում աղտոտված սննդի կամ էլ կեղտոտ ձեռքերի պատճառով: Իսկ ահա շփման եւ կենցաղի միջոցով հիվանդության տարածումից սովորաբար հաջողվում է խուսափել՝ կազմակերպված միջոցառումների շնորհիվ:

Ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, հայ մասնագետները նաեւ ուսումնասիրել են միջազգային փորձը, որպեսզի պարզեն, արդյոք միայն Հայաստանում է հիվանդացության աճ եղել: Պարզվել է, որ աղիքային ինֆեկցիաներով հիվանդացությունը աճել է ամբողջ աշխարհում: Ըստ երեւույթին սա պայմանավորված է կլիմայական փոփոխություններով, միկրոօրգանիզմներում կատարված գենետիկ փոփոխություններով ու իհարկե նաեւ հակաբիոտիկների սխալ գործածումով, որի պատճառով մանրէները կորցնում են դրանց նկատմամբ զգայունությունը: