Առողջապահության ոլորտի երկու խոշորագույն կազմակերպություն միջոցառումներ են անցկացնում հակաբիոտիկների սխալ օգտագործման վտանգների մասին տեղեկատվություն տարածելու նպատակով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հակաբիոտիկների դեմ տեղեկությունների տարածման համաշխարհային շաբաթ է անցկացնում, իսկ ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը Get Smart About Antibiotics (Խելացի վերաբերվիր հակաբիոտիկներին) վերնագրով արշավ է սկսել:
Դուք` ձեր հերթին, ի՞նչ կարող եք անել տեղեկատվության տարածման եւ հակաբիոտիկակայունության զարգացումը կանխարգելելու ուղղությամբ: Նախ եւ առաջ դուք կարող եք այցելել երկու կազմակերպությունների կայքեր եւ հակաբիոտիկների մասին գիտելիքները ստուգող թեստ հանձնել: Այդ կայքերում հնարավոր է նաեւ տեղեկատվական պատկերներ գտնել, որոնք կարելի է տպել եւ կախել սենյակում, ասենք` աշխատավայրում, որպեսզի ընկերներն ու գործընկերները եւս տեղեկացվեն այդ խնդրի վերաբերյալ:
Այդ երկու կազմակերպությունը նաեւ արշավ-քննարկումներ են կազմակերպում Facebook (CDC and WHO) եւ Twitter (@CDCgov and @WHO) սոցցանցերում. Միացեք այդ քննարկումներին, օգտագործելով #GetSmart, #AntibioticResistance եւ #antibiotics հեշթեգները: Դա նաեւ կօգնի ձեր ընկերների եւ ծանոթների շրջանում տեղեկատվություն տարածել:
Զինվեք տեղեկատվությամբ եւ ձեր կյանքում անպայման օգտագործեք դա. աշնանը եւ ձմռանը սկսվում են գրիպի եւ մրսածության սեզոնները, իմացեք, որ չի կարելի հակաբիոտիկներ օգտագործել այդ հիվանդությունների դեպքում եւ որ դրանք առավել եւս չեն կարող դրանց կանխարգելմանը նպաստել: Եթե հիվանդացել եք, բժշկի դիմեք, ինքնուրույն դեղ մի գնեք: Իսկ եթե ձեզ հակաբիոտիկներ են նշանակել եւ եթե դրանք իրոք անհրաժեշտ են ձեզ, ոչ մի դեպքում կուրսը կիսատ մի թողեք:
Հակաբիոտիկների հանդեպ դիմադրողականությունը առողջապահության ոլորտի լրջագույն խնդիրներից մեկն է: Եթե այդ դիմադրողականությունը շարունակի տարածվել, պարզ մանրէածին վարակները կսկսեն սպանել մարդկանց, իսկ առանց հակաբիոտիկների, անհնար կլինի կատարել վիրահատությունների մեծ մասը:






