Գեղեցկության սրահներում եւ այն հաստատություններում, որտեղ մատնահարդարում, պեդիկյուր եւ դաջվածքներ են անում, բոլոր գործիքները պիտի խնամքով մանրէազերծվեն: Հակառակ դեպքում հաճախորդները կարող են վարակվել մի շարք վտանգավոր հիվանդություններով: Այն մասին, թե ինչով են վտանգավոր չմանրէազերծված գործիքները եւ ինչպես է հնարավոր պաշտպանվել գեղեցկության սրահներում, NEWS.am Medicine-ին պատմել է Հայաստանի հանրային առողջապահության ասոցիացիայի նախագահ, վարակաբան Աշոտ Դավիդյանցը:
Մատնահարդարումը, պեդիկյուրը, դաջվածքներ անելն ու այլ պրոցեդուրաները, որ կատարում են սրահներում, կարելի է վիրահատության նմանեցնել, եւ եթե դրանց համար օգտագործվող գործիքները մանրէազերծված չլինեն, կարող են վարակի նույնպիսի աղբյուր դառնալ, ինչպիսին կեղտոտ գործիքներն են վիրահատության ժամանակ: Նման գործիքներից կարելի է վարակվել շատ հիվանդություններով` մաշկային հարուցիչներից մինչեւ ՄԻԱՎ, հեպատիտ В եւ С:
Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել այդ վարակներից:
Աշոտ Դավիդյանցի կարծիքով, վարակի կանխարգելման նպատակով պետք է երկու ուղղությամբ աշխատանք տանել.
1. Սրահների ղեկավարությունն ու աշխատակիցները պիտի հասկանան, որ իրենցից է կախված մարդկանց ոչ միայն գեղեցկությունը, այլեւ առողջությունը, եւ մանրազնին հետեւեն պրոցեդուրաների հիգիենային: Սովորաբար բավարար չէ գործիքները ջրով կամ նույնիսկ սպիրտով տրորելը. շատ հարուցիչներ եւ մանրէներ հանգիստ կդիմանան նման «վարակազերծմանը» եւ դրանից պակաս վտանգավոր չեն դառնա: Իդեալականն այն է, որ այն սրահներում, որտեղ մատնահարդարում, պեդիկյուր եւ դաջվածքներ են անում, մանրէազերծման սենյակներ լինեն` անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես հիվանդանոցներում է: Ցավոք, դժվար է նման սրահներ գտնելը:
2. Ինքը` սրահների այցելուն պիտի բավականաչափ գիտելիքներ ու տեղեկություններ ունենա եւ չամաչի հարցնել, թե ինչպես են մանրէազերծվել այն գործիքները, որոնք վարպետը պատրաստվում է օգտագործել: Նա պիտի նաեւ ուշադրություն դարձնի այն բանին, թե որտեղ են դրված գործիքները, մաքուրները օգտագործվածի կողքին դրված չե՞ն, տեղադրվա՞ծ են առանձին, մաքուր փաթեթավորման մեջ: Ուշադրություն դարձրեք բոլոր այդ մանրամասներին, իսկ հարցեր ունենալու դեպքում դրանք հնչեցնելը բոլորովին էլ ամոթ չէ, չէ՞ որ խոսքն այցելուի առողջության ու անվտանգության մասին է:






