ՀՀ առողջապահության նախարարի հրամանով համակարգում երկարատեւ եւ անմնացորդ աշխատանքի, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր ԱրաՄինասյանին հայտարարվել է շնորհակալություն եւ նա պարգեւատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:

«Կցանկանայի առանձնահատուկ նշել, որ պրոֆեսոր Մինասյանը եզակի է իր բնույթով: Այս հիվանդանոցը մեր երկրի պետականության ձեւավորման ակունքներից ի վեր մեծ ճանապարհ է անցել, հաղթահարել բազում փորձություններ: Արցախյան գոյամարտի տարիներին եւս մեր ժողովրդի ազատամարտիկների, վիրավորների բուժօգնությունը կազմակերպելու գործում կենտրոնի ղեկավարը ջանք ու եռանդ չեր խնայում»,- շնորհավորելով հոբելյանի առթիվ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հասել է մեծ հաջողությունների:

«Հաշվի առնելով առանձնահատուկ ծանրաբեռնվածությունը` տարեկան շուրջ 46 000 դիմելություն ունեցող այս հիվանդանոցը պետք է արդարացիորեն նշենք, որ իսկապես ժողովրդական հիվանդանոց է»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Արա Մինասյանը շնորհակալություն հայտնեց պարգեւի համար` ընդգծելով, որ բժշկական կենտրոնի հաջողությունների հիմքում բուժանձնակազմի թիմային աշխատանքն է: Նա ուրախությամբ փաստեց, որ տարեցտարի կենտրոնի կոլեկտիվն ընդլայնվում է, համալրվում նոր մասնագետներով: