Վերջերս մասնագետները սկսել են գործածել «կիբերծովային հիվանդություն» նոր հասկացությունը, որի ժամանակ մարդը գլխացավեր ու սրտխառնոց է զգում, որոնց պատճառը բջջային հեռախոսների ու համակարգիչների չափազանց ակտիվ գործածումն է: Այս մասին պատմել են Մեծ Բրիտանիայի Քովենթրի համալսարանի հետազոտողները:

Սմարթֆոնների, պլանշետների ու համակարգիչների ակտիվ գործածումը կարող է առաջացնել կիբերհիվանդության բազմազան տհաճ ախտանշաններ՝ այդ թվում գլխացավեր ու սրտխառնոց . այս ախտանշաններից բողոքում է Մեծ Բրիտանիայի բնակչության գրեթե 80 տոկոսը: Նույն պատկերն է նաեւ աշխարհի մյուս երկրներից շատերում:

Գիտնականների խոսքով, այդ ախտանշանների պատճառները էկրանին օբյեկտների արագ շարժումն է: Օբյեկտ ասելով նկատի ունենք ամեն ինչ՝ սլացող ավտոմեքենաներով տեսագրություններից սկսած մինչեւ ինտերնետային զանազան կայքեր: Որքան իրատեսական է այդ տեսողական բաղկացուցիչը՝ այդքան շատ են կիբերհիվանդության զարգացման հավանականությունը:

«Սա ֆունդամենտալ խնդիր է, որի արմատները բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության հիմքում է, - ասում է հոգեբան ու հետազոտության հեղինակ Սիրիել Դիլսը,- Կիբերհիվանդության ախտանշանները մարդու օրգանիզմի բնական արձագանքն են ոչ բնական շրջապատին: Այն կարելի է մեղմացնել՝ սահմանափակելով ու նվազագույնի հասցնելով գաջետների գործածումը»:

Ծովային հիվանդության ժամանակ մարդն իրեն անառողջ է զգում, քանի որ մկաններում ու միջին ականջում շարժում է զգում, բայց չի տեսնում այն: Իսկ կիբերհիվանդության դեպքում հակառակն է կատարվում՝ մենք տեսնում ենք շարժում էկրանին, բայց չենք զգում այն: