Հայաստանի շրջաններում հոգեբանական ծառայությունների մակարդակը մի քիչ հետ է մնում Երեւանում դրանց մակարդակից, բայց այնտեղ եւս լուրջ աշխատանք է կատարվում եւ այսօրվա իրավիճակն ուղղակի անհամեմատելի է նրա հետ, ինչն առկա էր քսան տարի առաջ: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության եւ սոցիոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ, դոցենտ Ռոդիկ Ավագիմյանը:  

Նրա խոսքով, շրջաններում շատ չեն հոգեբանական աջակցության կենտրոնները, բայց դրանք կան եւ կանոնավոր աշխատում են: Վանաձորում, օրինակ, 3 նման կենտրոն կա: Այլ հարց է, որ ամեն մեկը չէ, որ կարող է իրեն թույլ տալ օգտվել հոգեբանի ծառայություններից. դրանց գները ոչ միշտ են մատչելի, բայց շրջաններում նաեւ անվճար ծառայություններ կան, օրինակ, ինչպես նշել է մասնագետը, Վանաձորի պետական համալսարանում հոգեբանական աջակցության կենտրոն կա, որում անվճար խորհրդատվություն են տրամադրում ինչպես ուսանողներին, այնպես էլ բոլոր ցանկացողներին: 

Մյուս կողմից, ամաչկոտության եւ հոգեբանության ու հոգեբանի վերաբերյալ գիտելիքների պակասի խնդիրը դեռեւս այժմեական է: Ինչպես նշել է Ռոդիկ Ավագիմյանը, շրջաններում (իմիջիայլոց, Երեւանում էլ) ոչ բոլորը գիտեն, թե ինչ է հոգեբանությունը եւ ով է հոգեբանը:   Առաջվա պես մարդիկ կան, որոնք ամաչում են հոգեբանի դիմել` նրան հոգեբույժի հետ շփոթելով, բայց ընդհանուր առմամբ իրավիճակն այսօր նկատելիորեն փոխվել է սրանից 10-15, առավել եւս 25 տարի առաջվա պատկերի համեմատ:

«Այսօր մարդիկ իրենք են գալիս հոգեբանի մոտ եւ իրենց երեխաներին էլ են բերում, եթե նրանց մոտ խնդիրներ են առաջանում», - նշել է մասնագետը:

Նշենք, որ այս տարի լրացել է Վանաձորի համալսարանի հոգեբանության ամբիոնի 25 տարին. այն ստեղծվել էր 1990-ին: Այն ժամանակ` 25 տարի առաջ, ամբողջ քաղաքում ընդամենը հոգեբանական գիտության 3 թեկնածու կար: Այսօր դոցենտների եւ թեկնածուների թիվը տասնյակից ավելի է, ընդ որում նրանց մեծամասնությունը հենց շրջաններում է աշխատում` ինչպես հիվանդների, այնպես էլ ուսանողների` ապագա հոգեբանների հետ: