Սանտա-Բարբարայի համալսարանի գիտնականներն աշխարհում առաջին դեղահաբն են ստեղծել, որը թույլ է տալիս ինսուլինն առանց ներարկման ներմուծել օրգանիզմ: Այդ մասին պատմել են ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի Դեղագործների ասոցիացիայի հանդիպմանը: 

Ինսուլինային հաբերը, գիտնականների խոսքով, կարող են նկատելիորեն թեթեւացնել շաքարախտով հիվանդների կյանքը: Բացառված չէ, որ այդ հաբերի շնորհիվ ինսուլինային ներարկումները շուտով ընդհանրապես անցյալում մնան: 

«Հորմոնի բերանային ընդունման մեծ կարիք կա, -ասել է քիմիական ինժեներիայի ամբիոնի պրոֆեսոր Սամիր Միտրագոտրին: Մարդկանց համար լուրջ խնդիր է օրը մի քանի անգամ ասեղով իրեն ծակելը: Ներարկումն անհարմարավետության զգացում է առաջացնում, ինչը կարող է բուժման ընդհատման հանգեցնել եւ, որպես հետեւանք, բարդացումների եւ հիվանդանոց տեղափոխվելու անհրաժեշտության: 

Ինչպես պարզաբանել է գիտնականը, երբ ինսուլինը օրգանիզմ է մտնում ներարկումների միջոցով, նախ անցնում է ծայրամասային արյան միջով, հետո արյան հոսքով հասնում է լյարդ: Բերանային ընդունման դեպքում երթուղի ավելի ուղիղ է, եւ ֆիզիոլոգիական տեսանկյունից դա ավելի լավ է, վստահ է Միտրագոտրին: 

Հաբերով ինսուլին ստեղծելու խնդիրը վաղուց էր առկա բժիշկների անելիքներում:  Դրա  հիմնական խոչընդոտը ստամոքսի եւ աղիների թշնամական պրոտեոլիտիկ միջավայրն էր, որը ոչնչացնում է այդ հորմոնը: Խնդրի լուծումը էնտերոսոլյուբիլ պարկուճն է եւ մուկոադեզիվ պոլիմերների մեջ թաթախված ինսուլինը:  Նոր հաբերն արդեն ցուցադրել են ստամոքսում դիմանալու եւ օգտակար նյութերը բարակ աղիք հասցնելու իրենց կարողությունը: Ինսուլինը ներծծվում է բարակ աղիքի պատերի մեջ եւ այդտեղից հասնում է արյանը: 

«Մենք առաջին էական քայլն ենք արել: Բայց թերապիայի ցանկացած այլ միջոցի նման, մեր մշակումն էլ պիտի թեստավորման եւ կատարելագործման լրացուցիչ փուլեր անցնի, մինչեւ շաքարախտի բուժման կենսունակ միջոց համարվելը», - նշել է Միտրագոտրին:

Պրոֆեսորը նաեւ նշել է, որ հորմոնները տեղ հասցնելու իրենց մեթոդը կկիրառվի նաեւ այլ դեղահաբերի վերաբերյալ, որոնք ներկայումս օրգանիզմ են մտցվում ներերակային միջոցով: