Հայաստանում հարցմանը մասնակցած զույգերի 60 տոկոսը վճարել է ապագա երեխայի սեռն իմանալու համար: Այս մասին վկայում են այն հարցման արդյունքները, որն իր ընթերցողների շարքում անց է կացրել NEWS.am Medicine խմբագրությունը:
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 856 մարդ: «Բուժաշխատողները ձեզանից փող վերցրե՞լ են երեխայի սեռի մասին տեղեկության համար» հարցին մասնակիցների 60 տոկոսը (510 մասնակից) դրական պատասխան է տվել՝ «այո, վերցրել են»: 23 տոկոսը (197 մասնակից) կարողացել է ճշտել երեխայի սեռը առանց որեւէ կաշառքի՝ անվճար: Եվս 17 տոկոսը (149 մարդ) ասել է, որ իրենք անձամբ չեն վճարել նման տեղեկության համար, սակայն իրենց ծանոթներն ու ընկերները վճարել են:
Հիշեցնենք, որ NEWS.am Medicine խմբագրությունը վերջին մի քանի ամիսներին հաղորդագրություններ էր ստանում այն մասին, որ Հայաստանի որոշ պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում հղի կանանցից փող են վերցնում երեխայի սեռը որոշելու համար, չնայած ըստ օրենքի՝ հղիության խնամքը այդ թվում ՈւՁՀ-ն, եթե այն արվում է բժշկի նշանակումով, մեր երկրում անվճար է: Ընդ որում բուժաշխատողները, որոնք չեն ուզում անվճար հայտնել երեխայի սեռը, դա բացատրում են երեխայի սեռը ծնողներին հայտնելու գոյություն չունեցող Օրենսդրական արգելքով:
Ինչպես ավելի վաղ մեզ հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարության մայրական ու վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը, Մարդու վերարտադրողական առողջության մասին ՀՀ գործող օրենքում երեխայի սեռը ծնողներին հայտնելու արգելք չկա: Հայաստանում հիմա մշակվում են վերարտադրողական առողջության մասին օրենքի լրացումներ, որոնց հիմնական նպատակն է կանխել հղիության ընտրանքային արհեստական ընդհատումները, որոնց պատճառով երկրում խախտվում է տղաների ու աղջիկների հարաբերակցությունը: Սակայն երեխայի սեռը հայտնելու արգելք այդ լրացման մեջ նախատեսված չէ:
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավար Կամսար Բաբինյանը ավելի վաղ նույնպես նշել էր, որ երեխայի սեռի մասին տեղեկությունների դիմաց ծնողներից փող վերցնելն ապօրինի է, ու հավելել, որ պոլիկլինիկաների այն աշխատակիցները, որոնք հղի կանանցից փող են վերցնում երեխայի սեռը հայտնելու համար, խստագույնս կպատժվեն:






