Հոգեբանների եւ հոգեբանական ծառայությունների արտոնագրումը ցանկացած երկրում, այդ թվում նաեւ` Հայաստանում հոգեբանության զարգացման փուլերից մեկն է: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղզումցյանը:  

Նրա կարծիքով, վատ չէր լինի, եթե Հայաստանի հոգեբաններն ու հոգեբանական ծառայությունները արտոնագրվեին: Թվում է, թե Հայաստանն առայժմ պատրաստ չէ դրան, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են: Շատ ասոցիացիաներ (օրինակ` Հոգեկան առողջության ասոցիացիան) եւ հասարակական կազմակերպություններ ծայրաստիճան հետաքրքրված են հոգեբանական աջակցության ոլորտի ավելի հստակ կանոնակարգմամբ: 

Որոնք կարող են լինել Հայաստանում հոգեբանների եւ հոգեբանական ծառայությունների արտոնագրման դրական եւ բացասական կողմերը:  

Մասնագետի կարծիքով, դրական կողմերն ակնհայտ են. հոգեբանությունը երկրում ավելի լուրջ մասնագիտական ուղղվածություն կունենա, եթե իհարկե արտոնագրման համակարգը ճիշտ եւ ազնիվ կազմակերպված լինի եւ ով ասես չկարողանա իրեն որպես հոգեբան ներկայացնել եւ աշխատել մարդկանց հետ:  Արտոնագրումը մարդկանց կստիպի նաեւ ավելի լավ գլուխ հանել պրակտիկ հոգեբանությունից, եթե նրանք աշխատեն մարդկանց հետ. չէ՞ որ պրակտիկ եւ տեսական հոգեբանությունը նույն բանը չեն: 

Իսկ ինչպե՞ս ճիշտ կազմակերպել արտոնագրման համակարգը:

Մասնագետի կարծիքով, այստեղ անիվ ստեղծելու եւ սեփական մի բան հորինելու կարիք չկա, պետք է ուղղակի վերցնել արդեն պատրաստի, աշխատող, ինքն իրեն դրականորեն դրսեւորած համակարգը, որը գործում է արեւմտյան երկրներից որեւէ մեկում: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ փոխել այդ համակարգը, որ ավելի լավ համապատասխանի Հայաստանի եւ հայերի պահանջներին: 

Ինչ վերաբերում է բացասական կողմերին եւ հնարավոր խնդիրներին, դրանք կարող են ի հայտ գալ սոսկ այն դեպքում, եթե արտոնագրումը ազնվորեն կազմակերպված չլինի եւ կոռուպցիոն ռիսկեր լինեն: