Անպղությունը գինեկոլոգիայի ամենաբարդ եւ առավել ակտուալ խնդիրներից մեկն է: Կանայք եւ տղամարդիկ հավասարապես անպտուղ են լինում, չնայած նախկինում երկար ժամանակ կարծել են, որ անպտղության պատճառը կնոջ մեջ է: Չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին անպտղության տոկոսը կանանց եւ տղամարդկանց շրջանում համառորեն շարունակում է աճել:Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Երեւանի №3 կլինիկական հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Աբգարյանը:
Զույգը համարվում է անպտուղ, եթէ մեկ տարուց ավելի ապրում է կանոնավոր սեռական կյանքով, առանց հակաբեղմնավորիչների օգտագործման, բայց հղիություն տեղի չի ունենում: «Եթե կինն իր ողջ կյանքի ընթացքում երբեւէ չի հղիացել, այդ վիճակն անվանում են առաջնային չբերություն։ Եթե կինն արդեն հղիացել է նախկինում, անկախ այն բանից, թե ինչ ավարտ է ունեցել այդ հղիությունը, դա անվանում են երկրորդային չբերություն»,- պարզաբանեց բժիշկը:
Անպտղության ամենատարածված պատճառների շարքում բժիշկը նշեց սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) ֆոնի վրա ( խլամիդիա, գոնորեա, ուրեոպլազմա, վիրուսներ եւ այլն) զարգացող սեռական օրգանների բորբոքային պրոցեսները. Ընդ որում բորբոքումը կարող է նաեւ տղամարդու չբերության պատճառ դառնալ, քանի որ սերմում տեղի են ունենում որակական եւ քանակական փոփոխություններ, եւ չի հաջողվում բեղմնավորել ձվաբջիջը: Փոքր կոնքի բորբոքային գործընթացները կարող են հանգեցնել կպումների, իսկ վերջինս էլ պատճառ կդառնա կանանց մոտ արգանդափողերի, իսկ տղամարդկանց մոտ՝ սերմնատար ուղիների անանցանելիության:
Բժշկի խոսքով, անպտղության եւս մեկ պատճառ են հորմոնալ խանգարումները, որոնք հանգեցնում են ձվարանների ֆունկցիայի խանգարման, եւ ձվազատում տեղի չի ունենում կամ տեղի է ունենում ոչ լիարժեք: Հորմոնալ խանգարումները կարող են նաեւ ազդել հղիության պահպանման վրա:
Մյուս պատճառը ՝ բնածին կամ ձեռբերովի անատոմիական խանգարումներն են, մասնավորապեսս, կանանց մոտ արգանդի բնածին արատները:
Պատասխանելով հարցին, արդյոք կնոջ քաշը կարող է ազդել բեղմնավորման եւ հղիության պահպանման վրա, Նելլի Աբգարյանը նշել է, որ շատ ցածր քաշը եւ չափից շատ հավելյալ կիլոգրամները կարող են խնդիր լինել, ուստի անհրաժեշտ է գինեկոլոգի խորհրդատվություն , ով սնուցման վերաբերյալ խորհուրդներ կտա: Որոշ դեպքերում բնակության վայրի եւ կլիմայի փոփոխությունը կարող են ազդել կնոջ օրգանիզմի վրա, եւ մի որոշ ժամանակ նա չի կարողանա հղիանալ:
Անպտղության եւ հղիության ընդհատման պատճառ կարող է լինել նաեւ ամուսինների գենետիկ անհամապատասխանությունը, որը հանգեցնում է քրոմոսմների փոփոխության:
Գոյություն ունի անպտղության մի տեսակ՝ իմունոլոգիական, երբ օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, որոնք ազդում են սպերմատոզոիդների շարժունակության եւ կենսունակության վրա:
Խոսելով դաշտանային ցիկլի խանգարումների մասին, նա նշեց, որ եթե կնոջ մոտ առկա է խանգարված դաշտանային պարբերաշրջան, ապա դա չի նշանակում, որ կինը չի կարող հղիանալ, կարեւորն այն է, որ ձվազատում տեղի ունենա:
Պատասխանելով այն հարցին, արդյոք հնարավոր է հոգեբանական անպտղություն, բժիշկ Աբգարյանը պատասխանել է, որ լինում է, քանի որ շատ կանայք տարիներով հետազոտվում են , եւ նրանց մոտ ամեն-ինչ կարգին է: Մինչդեռ այդ դեպքում խնդիրը կնոջ ենթագիտակցության մեջ է , ում մոտ հոգեբանական լարվածությունը եւ հղիության անընդհատ սպասումը հանգեցնում է անպտղության: Այդպիսի դեպքերում պետք է շեղվել, չկենտրոնացնել ուշադրությունը այդ փաստի վրա, եւ այդ դեպքում ամեն-ինչ տեղի կունենա ինքն իրեն:
Միոման, էնդոմետրիոզը, ձվարանների կիստան, թրոմբոֆլեբիտիկ հիվանդությունները եւ այլն նույնպես անպտղության պատճառներ են, բայց գիտության զարգացման, ճիշտ մոտեցումների եւ բուժման շնորհիվ ավելի շատ կանայք են մայր դառնում:
Ներկա դրությամբ, եթե կինն արգանդափողերի հետ խնդիր ունի, ապա կարելի է հղիանալ արտամարմնական բեղմնավորման միջոցով, ձվարանների հետ խնդրի դեպքում՝ դոնորական ձվաբջիջների միջոցով, իսկ արգանդի հետ խնդիրների դեպքում օգնության է գալիս փոխնակ մայրը:
Անի Լիպարիտյան






